երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը հորդորում է Դանիել Իոաննիսյանին զբաղվել իր իրավասության մեջ մտնող հարցերով

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը հորդորում է Դանիել Իոաննիսյանին զբաղվել իր իրավասության մեջ մտնող հարցերով

Երեւում է, Արցախում «Իրազեկ քաղաքացիներ» հ/կ անունից դիտորդական առաքելություն իրականացրած Դանիել Իոաննիսյանը, չնայած նրան, որ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է իր հիմնական մրցակից Մասիս Մայիլյանին, դժվար է մարսում դառնացածությունը: Եվ առիթը բաց չի թողնում, որպեսզի լարվածություն սերմանի, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:


Ըստ նրա, առիթը այս անգամ Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանի հրաժարականն է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հորդորով: «Այս չափազանց ուշագրավ երեւույթին անդրադառնալու առիթ, երեւի, դեռ կունենանք: Այժմ՝ Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառման մասին, որով նա պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Հայկ Սարգսյանին եւ նույնիսկ մատնանշում, թե՝ որ հոդվածով:

Ըստ Իոաննիսյանի, Մարտունու նախկին քաղաքապետին պետք է մեղադրանք առաջադրվի ԱՀ քրեական օրենսգրքի 147.1 հոդվածով: Իսկ ահա թե ինչ է նախատեսում քրօրի նշված հոդվածը. «Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:

Նույն արարքները, որոնք՝

1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով,

2) կատարվել են նյութապես շահագրգռելով,

3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,

5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝

6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամկետով»: http://www.arlexis.am/DocumentView.aspx?DocID=10260

Ինչպես պնդում է Աթանեսյանը, Մարտունու նախկին քաղաքապետը նշված արարքներից ոչ մեկը չի գործել: Նա ընդամենը կասեցրել է «Արցախի հեղափոխական կուսակցության» ծայրահեղականորեն տրամադրված անդամների եւ Մարտունի քաղաքի մի խումբ երիտասարդների հավանական բախումը:

«Ճիշտ է, այդ ընթացքում նա արգելել է «հեղափոխականների» մուտքը Մարտունի, բայց դա ստեղծված իրավիճակը լիցքաթափելու միակ հնարավորությունն էր: Հայկ Սարգսյանը միջադեպից անմիջապես հետո հանդես է եկել հայտարարությամբ եւ պարզաբանել, թե ինչու է նման որոշում ընդունել, ինչպես նաեւ ափսոսանք հայտնել կատարվածի համար: Այսօր նա հայտարարել է հրաժարականի մասին, եւ հարցը պետք է համարել փակված: Իսկ Դանիել Իոաննիսյանին կարելի է հորդորել, որ զբաղվի իր իրավասությունների մեջ մտնող հարցերով»,- գրել է քաղաքագետը:

  • Կիսվել: