ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փորձում են ԳՇ պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել, որպեսզի հասնեն հրաժարականի. Սաղաթելյան

Փորձում են ԳՇ պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել, որպեսզի հասնեն հրաժարականի. Սաղաթելյան

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը տեղեկություններ ունի, որ մի քանի հոգի փորձում են Գլխավոր շտաբի պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել, որպեսզի հասնեն հրաժարականի: Այս մասին Սաղաթելյանն ասաց Բաղրամյան պողոտայում:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք վստահ ենք, որ մեր բանակը, զինվորականությունը պինդ է եւ պետության կողքին: Սա Նիկոլ Փաշինյանի եւ Օնիկ Գասպարյանի կռիվը չէ, սա մեր երկիրը փրկելու համար պայքար է, մեր հայոց բանակը, գիտակցելով դա, կանգնել է ժողովրդի կողքին, եւ եւս մեկ անգամ եկեք ասենք, որ կանգնած ենք բանակի կողքին՛՛:

Սաղաթելյանը նշեց, որ իրենք այնքան ժամանակ են մնալու Բաղրամյան պողոտայում, մինչեւ հարցը լուծվի. եւ իրենք հասնեն իրենց գլխավոր նպատակին:

՛՛Վաղը ժամը 13:00-ին ԱԺ-ում կրկին նիստ է հրավիրված, եւ ես կոչ եմ անում ՛՛Իմ քայլ՛՛-ի պատգամավորներին՝ ներկայանալ աշխատանքի. կատարեք ձեր պարտականությունները եւ կանգնեք ժողովրդի կողքին: Շատ կարեւոր է, որ վաղը նիստին զուգահեռ այս հրապարակը լեփ-լեցուն լինի՛՛,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման անդամները վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում, վառարաններ են բերել եւ պատրաստվում գիշերել Բաղրամյան պողոտայում:

 

  • Կիսվել: