կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Փոխվստահության ամրապնդման տեսանկյունից կարևոր է բոլոր հայ գերիների ազատ արձակումը. ԵՄ հանձնակատար

Փոխվստահության ամրապնդման տեսանկյունից կարևոր է բոլոր հայ գերիների ազատ արձակումը. ԵՄ հանձնակատար

Հավասարության հարցերով ԵՄ հանձնակատար Հելենա Դալլին եզրափակիչ հայտարարություն է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտության հետևանքով ռազմագերիների թեմայով Եվրոպական խորհրդարանում մայիսի 20-ին ծավալված քննարկման շրջանակներում։ Նա նշել է, որ Բաքվի կողմից անազատության մեջ պահվող բոլոր հայ անձանց ազատ արձակումը կարևոր է փոխվստահության ամրապնդման տեսանկյունից, և կարող է էական քաղաքական նշանակություն ունեցող քայլ հանդիսանալ: Այս մասին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից։

Ըստ աղբյուրի՝ Հելենա Դալլին հայտարարել է.

«Տիկին նախագահ,
Եվրոպական խորհրդարանի անդամներ,

Շնորհակալություն 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով ռազմագերիների և անազատության մեջ պահվող անձանց հարցի վերաբերյալ քննարկում հրավիրելու համար։

Մենք ի գիտություն ենք ընդունել այս պալատի շուրջ120 անդամների կողմից ներկայացված նամակը նույն հարցի վերաբերյալ։

Եվրոպական միությունը որդեգրել է հստակ դիրքորոշում. մենք բազմիցս հորդորել ենք երկու կողմերին՝ ամբողջությամբ կյանքի կոչել հրադադարի պայմանագիրը: Նրանց հորդորել ենք նաև փոխանակել ռազմագերիներին և ազատել անազատության մեջ պահվող բոլոր անձանց՝ անկախ նրանց գերևարման հանգամանքներից՝ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին և հրադադարի համաձայնագրի պահանջներին համապատասխան:

Անազատության մեջ պահվող բոլոր հայ անձանց ազատ արձակումը կարևոր է փոխվստահության ամրապնդման տեսանկյունից, և՝ կարող է էական քաղաքական նշանակություն ունեցող քայլ հանդիսանալ: Մենք ողջունել ենք հունվարի 29-ին և մայիսի 4-ին՝ հինգ և երեք պահվող հայերի վերադարձի փաստը: Մենք պնդում ենք բոլոր մյուս անազատության մեջ պահվող անձանց անհապաղ ազատ արձակում:

Եվրոպական միությունն ակնկալում է երկու կողմերից համագործակցթյուն ոչ միայն պահվող անձանց ազատ արձակման, այլ նաև այլ կարևոր հումանիտար հարցերի շուրջ: Անհայտ կորած անձնաց աճյունների հայտնաբերումը և հայրենադարձությունը պետք է շարունակվի։ Անհետաձգելի և վճռական քայլեր են հարկավոր մարդասիրական ականազերծման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ, ներառյալ՝ ականապատված տարածքների ցանկացած հասանելի քարտեզների տրամադրումը՝ հակամարտության արդյունքում ավերված տարածքներ վերադարձի հնարավորություն ընձեռելու նպատակով: Լարվածությունը մեղմելու, ինչպես նաև հասարակությունների կարգավորման ուղղությամբ առաջընթաց ապահովելու համար կարևոր է նաև զերծ մնալ հանրային բորբոքիչ հռետորաբանությունից:

Եվրոպական միությունը կոչ է արել ապահովել հաշվետվողականությունը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ցանկացած խախտումների համար: Գերիների խոշտանգումների, վատ վերաբերմունքի, մահապատժի ենթարկելու կամ ցանկացած այլ՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին մեղադրանք, որոնք հնարավոր է կատարված լինեին վերջին ռազմական գործողությունների ընթացքում, պետք է մանրակրկիտ կերպով քննության առնվեն: Եվրոպական միությունը պատրաստ է նպաստել միջազգային և անկախ դատական մեխանիզմներին՝ աջակցելու նման հայցերի վերաբերյալ անկախ քննության անցկացմանը:

Ռազմական գործողությունների դադարեցումը և մարդասիրական խնդիրների անհապաղ հասցեագրումը միայն առաջին քայլերն են` Լեռնային Ղարաբաղի տևական հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման ձեռք բերմանը հարկավոր են լրացուցիչ ջանքեր։ Եվրոպական միությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` համանախագահների գլխավորությամբ․ մենք պատրաստ ենք նպաստել հարատև և համապարփակ խաղաղ կարգավորման ձեռքբերմանը, այդ թվում` կայունացմանն և փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին աջակցելու միջոցով:

Շնորհակալություն»։

  • Կիսվել: