չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Խնդիրը մանդատներ վերցնել-չվերցնելը չէ, այլ հստակ ռազմավարություն ունենալն է. Սարգսյան

Խնդիրը մանդատներ վերցնել-չվերցնելը չէ, այլ հստակ ռազմավարություն ունենալն է. Սարգսյան

ՀՀԿ-ն միշտ պատրաստ է աջակցել այն քաղաքական ուժերին (նկատի ունի ընդդիմությանը – խմբ.), որոնք ստացել են ընտրողների բավարար ձայներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Արձագանքելով դիտարկմանը, թե իր կանխատեսումներն իրականություն են դարձել, Սարգսյանը նկատել է, որ չի ուրախանում դրանով և չի կարծում, թե դրա մասին խոսելն այժմ իմաստ ունի։ ՛՛Հիմա այն քաղաքական ուժերը, որոնք անցել են խորհրդարան, որոնց աջակցել է ժողովուրդը, պետք է որոշումներ ընդունեն, իսկ մենք բոլորս պետք է համաձայնենք դրանց հետ և կյանքի կոչենք այդ որոշումը՛՛,-ասել է Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ նրանց հնարավորությունները շատ չեն՝ կա՛մ վերցնել մանդատները և գնալ խորհրդարան, կա՛մ հրաժարվել դրանցից։ Երկու դեպքում էլ կան թե՛ առավելություններ, թե՛ բացասական կողմեր։ Ըստ նրա՝ հարցը մեթոդի ընտրությունը չէ, այլ հստակ ռազմավարությունը. երկու դեպքում էլ հնարավոր է հասնել հաջողության, կարծում է Սարգսյանը։

Փողոցային պայքարի արդիականության մասին հարցին երրորդ նախագահը պատասխանել է, որ ՛՛դա միշտ էլ օգտակար է՛՛, իսկ թե արդյոք դա կարո՞ղ է օգնել՝ կախված է այն ուժերից, որոնք ստացել են ժողովրդի բավարար աջակցությունը։

՛՛Իր կողմից ՀՀԿ-ն միշտ պատրաստ է աջակցել այն քաղաքական ուժերին, որոնք ստացել են ընտրողների բավարար ձայներ՛՛,-վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

  • Կիսվել: