երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Դիմորդները ճիշտ են, նախարարությունը՝ սխալ․ Նաիրա Զոհրաբյանը՝ չընդունված դիմորդների բողոքի մասին

Դիմորդները ճիշտ են, նախարարությունը՝ սխալ․ Նաիրա Զոհրաբյանը՝ չընդունված դիմորդների բողոքի մասին

Ընդունելության քննությունների թնջուկի հետ կապված այսօր զրուցել եմ ոլորտի մի շարք մասնագետների եւ իրավաբանների հետ, մասնագիտական խորհրդատվություն եմ խնդրել Գեւորգ Դանիելյանից ու ամփոփելով մասնագետների կարծիքը, պնդում եմ, որ դիմորդները ճիշտ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Տեղադրում եմ մասնագիտական եզրակացությունը ընդունելության կարգի իրավական հիմքերի իրավաչափության վերաբերյալ եւ ուզում եմ վստահ լինել, որ նախարարությունը մասնագետների պնդումից հետեւություն կանի։

Եզրակացություն

պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության կարգի իրավական հիմքերի իրավաչափության վերաբերյալ

Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության կարգը ներկայումս սահմանված է Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 826-Ն «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) և բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ։ Ներկայումս այդ որոշման խիստ վիճահարույց նորմերից է 59-րդ կետով սահմանված դրույթը. «Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր»։

Վերը նշված ենթաօրենսդրական ակտը, մեր կարծիքով, ինչպես բովանդակային, այնպես էլ ընդհանրապես իրավական կարգավորման ենթակա հարցերի շրջանակի ասպեկտով, խնդրահարույց է՝ հետևյալ հիմնավորումներով.

1. Նախ, կրթության իրավունքը ամրագրված է Սահմանադրության 38-րդ հոդվածով, ինչը վկայում է այն մասին, որ այն հիմնական իրավունք է, իսկ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն. «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»։ Այսպիսով, հիմնական իրավունքի (իսկ ընդունելության կարգը կրթության իրավունքի էական բաղադրիչն է) արդյունավետ իրականացման համար ընթացակարգ կարող էր սահմանվել ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ բացառապես օրենքով։

Բացառապես օրենքով կարգավորման անհրաժեշտությունն ընդգծված է նաև Սահմանադրության 38-րդ հոդվածի 2-րդ մասով. «Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք»։ Նկատենք, որ Կառավարության քննարկման առարկա որոշումը վերաբերում է նաև անվճար կրթության իրավական հիմքերին։

2. Տվյալ դեպքում, Կառավարությունը ղեկավարվել է Սահմանադրության 38-րդ և 75-րդ հոդվածների հետ դեռևս չհամապատասխանեցված՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով և «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, ինչը հակասում է Սահմանադրության 3-րդ հոդվածի նորմին, ըստ որի. «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»։

3. Կառավարության քննարկման առարկա որոշմամբ բովանդակային կտրվածքով չի երաշխավորվել Սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված մրցութային սկզբունքը, քանզի նախապատվությունը տրվել է ոչ թե առաջադիմությանը՝ քննության արդյունքներին, այլ սոսկ դիմում֊հայտում նախընտրելի մասնագիտությունների հերթականությունը նշելուն, ինչի հետևանքով ընդունված է համարվում ոչ թե միևնույն մասնագիտությունը (ընդամենը տարբեր հերթականությամբ) ընտրած անձանցից առավել բարձր միավորներ հավաքած, այլ սոսկ դիմում֊հայտում տվյալ մասնագիտությունը, որպես առաջին հերթում նշած դիմորդը։

Ենթաօրենսդրական ակտով առաջադրված հիշյալ իրավական լուծումը որևէ առնչություն չունի իրական մրցութային սկզբունքի հետ։ Հիշյալ տարբերակը ինչ֊որ տեղ կարող էր իրավաչափ համարվել, եթե նախապատվությունը տրվեր բացառապես տվյալ մասնագիտությունն ընտրած՝ անկախ հերթականությունից, անձանցից առավել բարձր միավորներ հավաքած դիմորդներին, սակայն մրցույթը սահմանափակել տվյալ մասնագիտությունը բացառապես առաջինը նշած դիմորդների շրջանակով, առնվազն մրցույթի իմիտացիա է։

4. Ինչպես արդեն այս օրերին ցույց տվեց իրավակիրառ պրակտիկան՝ Սահմանադրությամբ ամրագրված իրական մրցույթի սկզբունքն անտեսելու պարագայում բուհ են ընդունվում անհամեմատ ցածր միավորներ հավաքած դիմորդները։ Իսկ այսպիսի քաղաքականությունը լրջագույն աղերսներ ունի Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմունքների հետ. «Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը» (Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մաս)։ Թերևս, անվիճելի է, որ ցածր առաջադիմություն ունեցողներին նախապատվություն տալը աղերսներ չունի կրթության և գիտության զարգացման առաքելության հետ։

Իրավական հնարավոր իրավաչափ ելքը։

Իր բոլոր խոցելի և խնդրահարույց որակներով հանդերձ, Կառավարության որոշումը իրավական հետևանքներ է առաջացրել հազարավոր անձանց համար, ուստի իրավաչափ լուծումը կարող է լինել այնպիսին, որ չհանգեցնի ինչպես արդեն իսկ ընդունված դիմորդների, այնպես էլ՝ առավել բարձր միավորներ հավաքած դիմորդների ակնկալվող կարգավիճակի խաթարմանը։ Մանավանդ, որ ցածր միավորներ հավաքած դիմորդներն օգտվում են իրավական ակտի նկատմամբ վստահության իրավունքից, որպիսի պարագայում իրենց իրավունքները ևս չեն կարող սահմանափակվել։

Հավասարակշռված լուծումն այն է, որ առավել բարձր միավորներ հավաքած դիմորդները (իրենց համաձայնության առկայության դեպքում) ևս վարչական ակտով ճանաչվեն ընդունված, ըստ հերթական մասնագիտությունների՝ անկախ ներկայումս սահմանված թափուր տեղերի առկայության։ Այսպիսի լուծումը ոչ միայն իրավաչափ է, այլև կարող է նպաստել նաև հետագա ուսման ընթացքում իրապես մրցութային սկզբունքի երաշխավորմանը, քանզի հետագա ուսումը շարունակելու հնարավորությունը կպահպանեն միայն իսկապես անհրաժեշտ առաջադիմություն ցուցաբերած անձինք»։

  • Կիսվել: