կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Պետք է տարբերակել բոյկոտը պարզապես նիստին չհաճախելու պրակտիկայից․ Վլադիմիր Վարդանյան

Պետք է տարբերակել բոյկոտը պարզապես նիստին չհաճախելու պրակտիկայից․ Վլադիմիր Վարդանյան

Պետք է տարբերակել բոյկոտը պարզապես նիստին չհաճախելու պրակտիկայից։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ  ներառականությանն ու հանձնաժողովային կարգապահությանը պետք է լուրջ ուշադրություն դարձնել։

«Հանձնաժողովը ծանրաբեռնված է, և ծանրաբեռնվածության պարագայում չափազանց կարևոր է առաջին նիստերին մասնակցությունը: Այս հարցում մենք որոշակի հետագա կանոնակարգումների կարիք կունենանք, որովհետև ի վերջո անտրամաբանական է, երբ ծանրաբեռնված հանձնաժողովի որոշ անդամներ պարզապես առավոտից երեկո աշխատում են, իսկ որոշ անդամներ հայտարարում են այն մասին, որ իրենք համաձայն չեն այս կամ այն հարցի հետ, և իրենք չեն մասնակցելու նիստերին: Ինձ համար՝ որպես սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետի, չափազանց կարևոր է բոյկոտի ինստիտուտը որպես ինստիտուտ, որը պաշտպանում է ընդդիմության իրավունքները, բայց մենք պետք է տարբերակենք բոյկոտը պարզապես նիստին չհաճախելու պրակտիկայից»,- ասաց Վարդանյանը:

Վարդանյանը նաև անդրադարձ կատարեց հանձնաժողովի գործառույթներին։ Ըստ նրա՝ չպետք է մոռանալ, որ օրենքներ  ընդունում են, ոչ թե այս Ազգային ժողովի, այսօր ապրող ՀՀ քաղաքացու համար, այլ ընդունում են օրենսդրական ակտեր ապագայի համար։

«Քաղաքացին 5, 10, 15 տարի հետո չի հարցնելու՝ խորհրդարանական մեծամասնությո՞ւնը, թե՞ փոքրամասնությունն է առաջարկել այս կամ այն կարգավորումները։ Նա հետևելու է օրենքի որակին, գոհունակություն է արտահայտելու օրենսդրական կարգավորումների մակարդակից, և մենք պետք է շարժվենք այդ ուղղությամբ»,- ասաց Վարդանյանը։

  • Կիսվել: