կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պետք է թացը չորից տարբերել, չտրվել էմոցիաներին․ Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Պետք է թացը չորից տարբերել, չտրվել էմոցիաներին․ Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպան սերգեյ կոպիրկինի՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը բնութագրվում է ուժեղ հուզական ֆոնով, բայց կարևոր է թացը չորից տարբերել և չտրվել այդ էմոցիաներին: Այս մասին նա ասել է Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում՝ խոսելով Sputnik Արմենիա ռադիոկայանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Նշենք, որ ՛՛Սպուտնիկ Արմենիա՛՛ լսողական ծրագրի վերահեռարձակող ՛՛Տոսպա՛՛ ընկերության գործունեությունը կասեցվել է 30 օրով:

Կոպիրկինն ընդգծել է, որ կարող են լինել էմոցիոնալ պոռթկումներ, առանձին անհատների հայտարարություններ, կարող են լինել անձնական գնահատականներ, որոնք չեն նպաստում երկկողմ հարաբերությունների առողջացմանը, սակայն, ըստ դեսպանի, պետք չէ դրանց չափազանց մեծ նշանակություն տալ, այլ անհրաժեշտ է հստակ առանձնացնել մարդկանց անձնական կարծիքը, որը կարող է լինել հուզական, ինչպես նաև՝ հնարավոր է՝ անհավասարակշիռ։

՛՛Դուք ոչ մի օրինակ չեք գտնի, որ Ռուսաստանի նախագահը, նրա մամուլի քարտուղարը թեկուզ ինչ-որ ոչ կոռեկտ, ոչ կառուցողական որակում թույլ տված լինեն Հայաստանի ղեկավարության նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, պետք է առաջնորդվենք դրանով՛՛,-ասել է Կոպիրկինը:

Նրա կարծիքով՝ իրականում հեշտ իրավիճակ չէ, զգացմունքները շիկացած են։ Սա իր բացատրությունն ունի. երկու երկրների հարաբերությունները պարզապես միջպետական հարաբերություններ չեն։  Կոպիրկինի խոսքով՝ կան որոշակի ակնկալիքներ, կան կարծրատիպեր, փոխգործակցության, եղբայրական կապերի ավանդույթներ։ Այս բոլոր գործոնները չեն կարող չազդել հուզական ֆոնի վրա:

՛՛Կան որոշակի մտահոգություններ, թյուրիմացություններ։ Դա, բնականաբար, վատ է, բայց դա այն բանի հետևանքն է, որ մարդկային բաղադրիչը շատ ուժեղ է արտահայտված հարաբերություններում: Մարդկային գործոնն առավելություն է, բայց երբեմն նման իրավիճակներում կարող է այսպիսի զգացմունքային պոռթկումներ առաջացնել՛՛,-նշել է ՌԴ դեսպանը և ընդգծել, որ այս շատ հակասական իրավիճակում շատ կարևոր է թացը չորից տարբերել։

՛՛Պետք չէ անտեսել նաև երկու երկրների հարաբերություններում դրսից լրացուցիչ բարդություններ մտցնելու փորձերը՛՛,-ընդգծել է նա։

  • Կիսվել: