ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պետք է սպասել թուրք-ամերիկյան անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին. Սաֆրաստյան

Պետք է սպասել թուրք-ամերիկյան անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին. Սաֆրաստյան

«Այս բանաձևը կոչ է անում, որ ԱՄՆ-ն երբեք չտրվի Հայոց ցեղասպանության մասին այն կեղծիքներին, որոնք տարածվում են ամբողջ աշխարհով մեկ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին:

Նա նշեց, որ պետք չէ, սակայն, շրջանցել այն հանգամանքը, որ այս բանաձևի ընդունումը տեղի ունեցավ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման փուլում: «Ամերիկյան քաղաքական վերնախավը դժգոհ է Թուրքիայից այն առումով, որ վերջինս այնպիսի խոշոր գործարքը, ինչպիսին օրինակ՝ սպառազինությունների բնագավառում Ս-400 համակարգերի գործարքն է, կնքեց Ռուսաստանի հետ, դժգոհ է նաև նրանից, որ Թուրքիան խախտեց այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել ամերիկյան կողմի հետ նախքան թուրքերի ագրեսիան Սիրիայի հյուսիսում։ Այս հանգամանքները կարևոր էին ամերիկյան քաղաքական վերնախավի համար։ Կարելի է ասել, որ ամերիկյան քաղաքական դասը Թուրքիայի նկատմամբ տրամադրված է չափազանց բացասական, և իհարկե, սա իր հետևանքը ունեցավ»։

Ռ․ Սաֆրաստյանը, այնուամենայնիվ, չբացառեց, որ հնարավոր է՝ պետք է դեռ սպասել, թե թուրքական և ամերիկյան կողմերը անդրկուլիսյան բանակցություններում ինչ արդյունքի կգան․ «Ես կարծում եմ, որ այս պահին տեղի են ունենում գաղտնի անդրկուլիսյան բանակցություններ թուրքական և ամերիկյան ներկայացուցիչների միջև, և այդ բանակացությունների արդյունքը կորոշի, թե Թուրքիայի արձագանքը կլինի ավելի կո՞շտ, թե՞ ոչ, թե՞ կգան որոշակի համաձայնության»։

  • Կիսվել: