հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պետք է պետական ինստիտուտների և պետական համակարգի կայացման ճանապարհով գնանք. Փաշինյան

Պետք է պետական ինստիտուտների և պետական համակարգի կայացման ճանապարհով գնանք. Փաշինյան

Կառավարությունը վերանայեց արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը:
 
ԱԳՆ-ի առաջարկած ազգային ինդեքսի հիման վրա հաշվարկված փոխհատուցման չափերը առավելագույն օպտիմալ, ընդունելի և արդյունավետ չափաքանակներ են յուրաքանչյուր երկրի/քաղաքի համար:
 
«Պայմանավորված քաղաքական, տնտեսական, ֆինանսական այլ գործոններով՝ այժմ ունենք մի իրավիճակ, որ բազմաթիվ երկրներում մեր կողմից տրվող փոխհատուցումը նույնիսկ չի համապատասխանում տվյալ երկրում անհրաժեշտ նվազագույն ծախսերին և կենսամակարդակին»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
 
Նա նշեց, որ ազգային ինդեքսի հիմքում ընկած է ՄԱԿ-ի համապատասխան ինդեքսը, որի հետ կապված իրականացրել են որոշակի սրբագրումներ, և առաջարկվող ինդեքսը ստուգվել և հավանության է արժանացել ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի ներկայացուցչի կողմից:
 
«Նաև պետք է նշեմ, որ մենք, ըստ էության, այս ծախսերը նախատեսել ենք ընթացիկ տարվա պետական բյուջեում»,- նշեց Միրզոյանը:
 
«Սոցիալական հարցերի լուծումը նույնպես ռազմավարական առաջնահերթություն է, բայց մենք սոցիալական պրոբլեմները համարում ենք պետության ինստիտուցիոնալ չկայացածության հետևանք: Ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք խնդիրներ լուծելու վրա. թեկուզ մեր քաղաքական կապիտալը զրոյացնելու հաշվին պետք է ՀՀ-ում պետական ինստիտուտների և պետական համակարգի կայացման ճանապարհով գնանք»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: