երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաղաղության վերաբերյալ Երևանի և Բաքվի ազդակները չեն նշանակում, որ նրանք համաձայն են ցանկացած պայմանի․ Զայցև

Խաղաղության վերաբերյալ Երևանի և Բաքվի ազդակները չեն նշանակում, որ նրանք համաձայն են ցանկացած պայմանի․ Զայցև

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարի հարցազրույցին, որի ժամանակ նա խոսել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Զայցևը պարզաբանել է, որ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենը ասել է, թե պետք չէ արագացնել գործընթացը, կարևոր է, որ այն ի վերջո հանգեցնի որակյալ պայմանավորվածությունների։ Նրա խոսքով՝ ինչ-որ մեկին կարող է ձեռնտու լինել այն արագացնելը, սակայն հարցն այն է, թե ինչպես պետք է հետագայում կյանքի կոչվեն նման պայմանավորվածությունները։

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախապատրաստումը ՀՀ վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունների տարրերից մեկն է։ Ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է Բաքվին ու Երևանին այդ փաստաթղթի նախապատրաստման հարցում, օգտագործում է քաղաքական-դիվանագիտական խողովակները բոլոր մակարդակներում»,- ասել է Զայցևը։

Նրա խոսքով՝ խաղաղության հասնելու վերաբերյալ Երևանից և Բաքվից եկող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի․ մի շարք բարդ հարցերի վերաբերյալ պետք է լուծումներ գտնել։

  • Կիսվել: