Պետք է գտնել այն նուրբ շեմը, որը հնարավորություն կտա ապահովել քաղաքացու քվեն․ Վլադիմիր Վարդանյան
Ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքում արտակարգ դրություն հայտարարելու մասին աշխատանքային խումբը դեռ պետք է քննարկումներ անցկացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Ե՛վ արտահերթ նիստի ժամանակ, և՛ հանձնաժողովում արտակարգ և ռազմական դրության հետ կապված բոլոր վիճահարույց դրույթները քննարկվել են և հանվել։ «Արտակարգ և ռազմական դրության վերաբերյալ օրենսդրությունը» և ընտրական օրենսդրության հետ փոխկապակցվածությունը պետք է դառնա առանձին քննարկման առարկա։ Մենք այն կքննարկենք, երբ նախագիծը պատրաստ լինի։ Ժամկետներ չկան, բայց մենք այժմ պայմանավորվել ենք, որ աշխատանքային խմբի աշխատանքները հետագայում շարունակվելու են, թեման նուրբ է»,- նշեց Վարդանյանը։
Վարդանյանը շեշտեց՝ պետք է գտնել այն նուրբ շեմը, որը հնարավորություն կտա ապահովել քաղաքացու քվեն, որպեսզի այն որևէ պարագայում չտուժի արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ։