կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պետբյուջեից ֆինանսավորվում է 71 գիտական կազմակերպություն

Պետբյուջեից ֆինանսավորվում է 71 գիտական կազմակերպություն

Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ ոլորտի պետական ֆինանսավորմանը:

«Գիտական գործունեության համար 2021 թվականի պետբյուջեով նախատեսված է շուրջ 13 միլիարդ դրամ կամ 25 միլիոն դոլար: Բազային ֆինանսավորումը, որը տրամադրվում է կազմակերպություններին և բուհերի գիտական ստորաբաժանումներին, կազմում է ոլորտի բյուջեի 64.4 տոկոսը: Թեմատիկ ֆինանսավորմանը կամ մրցութային կարգով իրականացվող ծրագրերին հատկացվում է մեր բյուջեի 21.2 տոկոսը: Ծրագրերն իրականացվում են հիմնականում գրախոսությամբ ընտրված թեմաների համար:

Նպատակային ծրագրերին, որոնք ուղղված են պետության կարիքների սպասարկման համար, հատկացվում է բյուջեի 1 տոկոսը: Սակայն այս թիվը փոքր է այն պատճառով, որ դրա մեջ մտնում էր ժամանակին հատուկ փորձարարակոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքների բյուջեն, որը տեղափոխվել է ռազմարդյունաբերության կոմիտե: Մնացյալ մասը ծառայում է միջազգային պայմանավորվածությունների և պարտավորությունների սպասարկմանը»,- նշեց Հայոցյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով կատարված վերաբաշխումների արդյունքում բյուջեն կրճատվել է 502 միլիոն դրամով:

 

Պետբյուջեից ֆինանսավորվում է 71 գիտական կազմակերպություն, որից 35-ը՝ ԳԱԱ կազմում են, 21-ը՝ ԿԳՄՍ նախարարության գերատեսչական պատկանելության ինստիտուտներ են, որից 12-ը բուհեր են: Պետական ծրագրերով ֆինանսավորում ստանում է 3959 գիտաշխատող, որից գիտական աստիճան ունի 63.5 տոկոսը:

  • Կիսվել: