շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Պետական ռեսուրսների արդար բաշխման միջոցով կարող ենք արմատախիլ անել գենդերային անհավասարության հիմնական պատճառները. Սոնա Ղազարյան

Պետական ռեսուրսների արդար բաշխման միջոցով կարող ենք արմատախիլ անել գենդերային անհավասարության հիմնական պատճառները. Սոնա Ղազարյան

Ստրասբուրգում ընթանում են ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքները, որոնց մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը:

Նստաշրջանում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Հարգելի’ գործընկերներ,

Մեծ պատիվ է այսօր ձեր առջեւ բարձրաձայնել մի հարց, որը ե’ւ մշտապես արդիական է, ե’ւ մեր օրերում` հրատապ կարեւորություն ունի. Կանայք տնտեսության մեջ. զբաղվածություն, ձեռներեցություն եւ գենդերազգայուն բյուջետավորում: Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել զեկույցի հեղինակին` գենդերային հավասարության առաջխաղացմանն ուղղված իր նվիրվածության եւ այս չափազանց կարեւոր աշխատանքի համար:

Տասնամյակների ընթացքում կանայք հսկայական առաջընթաց են գրանցել տնտեսության մեջ: Այսօր նրանք գլխավորում են կորպորացիաներ, ձեւավորում նորարարական ոլորտներ եւ ստեղծում փոփոխություն բերող ձեռնարկություններ: Սակայն չպետք է անտեսենք առկա մարտահրավերները: Համակարգային խոչընդոտները շարունակում են խաթարել կանանց լիարժեք ներգրավվածությունը: Շատերը մինչ օրս բախվում են խտրականության` աշխատանքի ընդունվելու գործընթացում, կանայք դեռեւս քիչ են ներկայացված որոշումներ կայացնող պաշտոններում եւ չունեն հավասար հնարավորություններ այնպիսի զարգացող ոլորտներում, ինչպիսին է STEM-ը:

Թեեւ ակնհայտ է, որ կանանց հզորացումը խթանում է տնտեսական աճը, շատ երկրներ դեռեւս պայքարում են աշխատավարձերի անհավասարության եւ կին ձեռներեցների համար ֆինանսական ռեսուրսների սահմանափակ հասանելիության դեմ: «Ապակե առաստաղը» գուցե ճաքեր է ստացել, բայց դեռեւս կոտրված չէ:

Այսօրվա քննարկվող զեկույցը լուծում է առաջարկում` գենդերազգայուն բյուջետավորում: Սա ոչ թե վերացական գաղափար է, այլ իրական փոփոխությունների գործիք: Պետական ռեսուրսների արդար բաշխման միջոցով մենք կարող ենք արմատախիլ անել գենդերային անհավասարության հիմնական պատճառները:

Մտածենք` ինչպե՞ս կարող են կանայք հաջողություններ գրանցել իրենց մասնագիտական կյանքում, եթե պետական բյուջեներում հաշվի չի առնվում հասանելի մանկապարտեզների, մայրության արձակուրդի եւ հմտությունների զարգացման նպատակային ծրագրերի կարեւորությունը:

 

Գենդերային զգայուն բյուջետավորումը ցույց է տալիս, որ ֆինանսական որոշումներն իրականում բարոյական ընտրություններ են, որոնք պետք է նպաստեն ոչ միայն առանձին անհատների բարեկեցությանը, այլեւ ամբողջ հասարակության զարգացմանը:

Ձեռնարկատիրությունը եւս առանցքային տեղ ունի այս քննարկման մեջ: Կին ձեռներեցները ոչ միայն աշխատատեղեր են ստեղծում, այլեւ վերաիմաստավորում են ոլորտները եւ խթանում նորարարությունը: Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ վենչուրային կապիտալի միայն 2 տոկոսն է ուղղվում կանանց ղեկավարած ստարտափներին: Սա պարզապես անհավասարություն չէ, այլ բաց թողնված հնարավորություն, որը խոչընդոտում է ընդհանուր առաջընթացին:

Զեկույցը կարեւոր ճշմարտություն է արձանագրում. տնտեսությունում գենդերային հավասարության ապահովումը ոչ միայն բարոյական հրամայական է, այլեւ տնտեսական անհրաժեշտություն:

 

Եկե’ք խթանենք այնպիսի քաղաքականություններ, որոնք արտացոլում են կանանց իրականությունը: Եվ եկե’ք ապահովենք, որ այսօրվա յուրաքանչյուր նորածին աղջիկ մեծանա մի աշխարհում, որտեղ նրա ներուժը գնահատվում է ոչ թե` ըստ սեռի, այլ` ըստ երազանքների»,- ասել է պատգամավորը:

  • Կիսվել: