հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը ստացել են դրական եզրակացություն

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը ստացել են դրական եզրակացություն

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 28-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: Խոսելով նախաձեռնությամբ քրեակատարողական համակարգում ատեստավորման համակարգի ներդրման մասին` հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո փաթեթում կատարվել են միայն տեխնիկական շտկումներ:

Ըստ հարակից զեկուցող Արփինե Դավոյանի՝ նախաձեռնության ընդունմամբ քրեակատարողական հիմնարկների ծառայողների համար ներդրվելու է նոր ատեստավորման կարգ, որը նպաստելու է համակարգում որակյալ կադրերի ներգրավմանը, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը և աշխատանքի գրավչության բարձրացման: Պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել փաթեթին:

Հաջորդ` «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի նախագծով էլ գործադիրն առաջարկում է քրեակատարողական համակարգում գործող օպերատիվ բաժինները միավորել մեկ վարչությունում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի խոսքով՝ փոփոխությունը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարվել են տեխնիկական շտկումներ:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը, կարևորելով նախաձեռնությունը, նշել է, որ փոփոխությունները դրական ազդեցություն կունենան քրեակատարողական ծառայության աշխատանքի վրա:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի ներկայացմամբ քննարկվել է նաև ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախաձեռնությամբ հնարավորություն է ընձեռվում հարկադիր կատարողների մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով ներդնել շարունակական վերապատրաստման նոր համակարգ: Առաջարկվում է ստեղծել հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողով, ընդլայնվում են խրախուսման եղանակները և շրջանակը:

Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարության առաջարկով նախատեսվել է նոր դրույթ, որի համաձայն` հարկադիր կատարման ծառայությունում կողմերի համաձայնությամբ հարկադիր կատարողին ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև անընդհատ ծառայության վեց ամիսը լրանալը:

Հիմնական զեկուցողը խնդրել է նախաձեռնության քվեարկության ընթացքում հաշվի առնել վերոնշյալ փոփոխությունը:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարևորել է համակարգում իրականացվող փոփոխությունները և կոչ արել գործընկերներին՝ կողմ քվեարկել նախաձեռնությանը: Նրա խոսքով՝ փաթեթի ընդունմամբ կբարելավվեն հարկադիր կատարումն ապահովող ծառայողի կարգավիճակը, նրա աշխատանքային և վարձատրության պայմանները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

  • Կիսվել: