շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներին զուգահեռ ավելի քան 18 հազար անձ իրազեկվել է անվտանգ վարքագծի կանոնների մասին

Պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներին զուգահեռ ավելի քան 18 հազար անձ իրազեկվել է անվտանգ վարքագծի կանոնների մասին

2005 թվականից ի վեր ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ճանաչվել է Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր։ Այս առիթով Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կառույցների կարողությունների հզորացում» ծրագրի հետ համատեղ, ապրիլի 4-ին կազմակերպել է «Միասին՝ ընդդեմ ականների» թեմայով միջազգային կլոր սեղան-հանդիպում։ 

Կլոր սեղանի ընթացքում խոսքով հանդես են եկել Հումանիտար ականազերծան և փորձագիտական կենտրոնի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Վիկտոր Քլարքը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և այլ շահարգրիռ ներկայացուցիչներ։

 Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Վաղինակ Սարգսյանը ողջունել է ներկաներին և ներկայացրել ՀՀ-ում հակաականային ոլորտում կատարված աշխատանքներն ու արդի խնդիրները։

«Հակաականային գործունեությունը ՀՀ-ում նպատակ ունի նվազեցնելու ականների և պայթուցիկ զինամթերքի վտանգը, ինչպես նաև դրանից բխող սոցիալական, տնտեսական և բնապահպանական բացասական ազդեցությունը: Մեր առաքելությունն է մաքրել տարածքները ականներից և պայթուցիկ զինամթերքից՝ անվտանգ դարձնելով դրանք, որպեսզի տեղի բնակչությունը շահագործի մաքրված տարածքները մշակելու, անասնապահության կամ այլ գյուղատնտեսական նպատակներով։ Պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներին զուգահեռ, վերջին երեք տարվա ընթացքում 18344 քաղաքացու և դպրոցականների իրազեկել ենք անվտանգ վարքագծի կանոնները՝ այսպիսով բարձրացնելով մարդկանց իրազեկվածության մակարդակը»,- ասել է Վաղինակ Սարգսյանը։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ինչպես նաև «ՀԱՓԿ» ՊՈԱԿ խորհրդի նախագահ Արման Սարգսյանը նույնպես ողջունել է ներկաներին և կարևորել Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառումների անցկացումը։

Հայաստանում Բրիտանական դեսպանատան փոխդեսպան Վիկտոր Քլարքն ասել է. «Միացյալ Թագավորությունն աջակցում է ՄԱԿ-ի գլոբալ ծրագրին, որը կենտրոնացած է ականազերծման գործողությունների վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բոլոր տարածաշրջաններում: Ականներն անխտիր մարդասպան են։ Նրանք չեն ճանաչում հակամարտող կողմերին, տարիքը կամ պատկանելությունը: Նրանք արգելակում են ազատությունը և սահմանափակում գյուղատնտեսական գործունեությունը և տնտեսական նպատակով հողօգտագործումը: ՄԱԿ-ը վճռորոշ դեր է խաղում ականազերծող գործակալություններին համակարգելու և աջակցելու գործում՝ ազատելու Հարավային Կովկասն ականների արհավիրքից»:

«Միավորված ազգերի կազմակերպության տեսլականն է՝ ունենալ ականների վտանգից զերծ աշխարհ, որտեղ մարդիկ կկարողանան ապրել անվտանգ միջավայրում։ Հայաստանում ՄԱԶԾ-ն կաջակցի ազգային հաստատությունների, մասնավորապես՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կարողությունների  հզորացմանը, որը Հայաստանում հակաականային գործունեության համակարգման և իրականացման համար պատասխանատու ազգային մարմինն է»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Միջոցառման ընթացքում քննարկվել են հակաականային գործունեության արդիական խնդիրները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև հետագա համագործակցությունը շահագրգիռ կողմերի հետ։

Նույն օրը կայացել են նաև բացօթյա միջոցառումներ Հյուսիսային պողոտայում և «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում։

Հյուսիսային պողոտայում «ՀԱՓԿ»-ի մասնագետները ցուցադրել են ականազերծման գործընթացն ականորսիչներով և գործիքներով՝ կրելով համապատասխան պաշտպանիչ հանդերձանք։ Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները իրազեկել են և բաժանել անվտանգ վարքագծի կանոնների մասին բուկլետներ մեր քաղաքացիներին։

«Մոսկվա» կինոթատրոնի տարածքում ներկայացվել է ականների վտանգի թեմայով թատերական ներկայացում՝ մարդկանց ցուցադրել անվտանգ վարքագծի դրսևորումները։ Արվեստի դպրոցի մի խումբ երեխաներ նկարել են ականային վտանգի թեմայով, պարել և թմբուկ նվագել՝ այդպիսով իրենց երախտագիտությունը հայտնելով հակաականային գործունեություն իրականացնողներին։

Որպես օրվա լավագույն ավարտ՝ երեխաները համախմբվել են #միասինընդդեմականների պաստառներով մեկ լուսանկար նկարվելու համար, փաստելով՝ իրազեկված են և միասնական։

  • Կիսվել: