«Պատճառը նաև մեր կողմի լեգիտիմության պակասն էր». Սիմոնյանը՝ Ղարաբաղի վրա հարձակման մասին
Որևիցե խաղաղության պայմանագիր երբևիցե խոչընդոտ չի եղել պատերազմ սկսելու համար, այլ հարց է, թե մենք որ ուղղությամբ ենք շարժվում և ինչ ենք ուզում անել և ինչ ենք անում և ինչ տրամաբանություն ենք դնում։ Երբ մենք ասում ենք, որ 4 գյուղերի հարցը քննարկելիս մենք ստացանք երաշխիք, մենք ստացանք դեմարկացված և դելիմիտացված սահման, այն 12 կմ-ի չափով վերհանեցինք այն սահմանը, որը որ, ես պատմական եմ համարում այն լուսանկարը՝ սյունը, որ տեղադրված է։ Այս մասին Ազատության հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ազատություն». - Բայց փաստացի դա չի երաշխավորում, որ հետագայում գործընթացը նույն կերպ կշարունակվի։
Ալեն Սիմոնյան. - Խոսելու առումով եթե ինչ-որ մեկն ուզենա մի բան անել, ոչ մի սյուն, բնական է, չի կանգնեցնի, բայց բնական է՝ ոչ մի մեծ դիրք էլ երբևիցե պատերազմի ժամանակ չի կանգնեցրել, բայց ինձ համար շատ ավելի լավ է ունենալ ֆիքսված սահման, ես դա ընկալում եմ շատ ավելի ամուր պատնեշ հնարավոր հարձակման պարագայում, քան լավ դիրք, որտեղ կանգնած են մեր տղաները, որովհետև մեր տղաները էլի կկանգնեն, էլի կպաշտպանեն մինչև վերջ, բայց երբ որ դու դիմացինին զրկում ես լեգիտիմությունից գործողություն անելու, դա շատ ավելի կարևոր է այսօրվա աշխարհում, քան երբևէ։
Տեսեք, օրինակ, մենք շատ նեղսրտում էինք, երբ որ երկրորդ ղարաբաղյան պատերազմը սկսվեց, թե ինչի աշխարհը մեր ուզած ձևով չէր արձագանքում այդ պատերազմին։ Իսկ պատճառը նաև լեգիտիմության պակասն էր, մեր կողմի լեգիտիմության պակասն էր։
«Ազատություն». - Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի՞ Հայաստանից օկուպացնել տարածքներ, հարձակվել...
Ալեն Սիմոնյան. - Ո՛չ։
«Ազատություն». - Հարձակվել Ղարաբաղի վրա։
Ալեն Սիմոնյան. - Հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև։
«Ազատություն». - Բայց, խնդիրը չպիտի լուծվեր ռազմական ճանապարհով։
Ալեն Սիմոնյան. - Իհարկե, դրա մասին չի խոսքը։ Մենք ընդհանրապես այդ խնդիրը և պատերազմը որևիցե ձևով չի կարող արդարացված լինել։
Հայաստանի զինվելու մասին խոսակցությունները՝ «հնարավոր հարձակումը լեգիտիմացնելու համար»
«Ազատություն». - Սահմանազատման կանոնակարգը հաջորդ շաբաթ կքննարկվի խորհրդարանում, այն Հայաստանում հրապարակվել է, սակայն ինչպես ադրբեջանցի գործընկերներն են նշում, իրենց երկրում այդ տեքստը հասանելի չէ, և հայտնի չէ անգամ, թե ինչ ընթացակարգով է վավերացվելու կամ վավերացվելու է, թե ոչ։ Դուք ունե՞ք ազդակներ Բաքվից, և հնարավոր է, որ եթե զգաք, որ հապաղում է գործընթացը, նաև Հայաստանում դադարեցնեք վավերացումը, որովհետև հիշեցնեմ, վարչապետին ասել էր, որ պետք է գործընթացը սինխրոնացված ընթանա։
Ալեն Սիմոնյան. - Ես չեմ կարող որոշակի ազդակների մասին խոսել մեր երկիրը պառլամենտական երկիր է։ Մենք մեր գործընթացն ենք անում, Ադրբեջանը չգիտեմ՝ այդ գործընթացը ինչպես առաջ կտանի, կարող են իրենք մի ստորագրությամբ այդ հարցը լուծել։ <>
Մենք հիմա մեր պրոցեդուրաներն անում ենք... կգա լիագումար նիստ, որտեղ արդեն քաղաքական առումով մենք կքննարկենք և կգնանք առաջ։
«Ազատություն». - Դրան զուգահեռ պաշտոնական Երևանը մի քանի շաբաթ է՝ հայտարարում է, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր հարձակման համար։ Չե՞ք կարծում, որ ուղերձների մեջ խառնաշփոթ է առաջանում, որովհետև մի կողմում դուք հայտարարում եք, օրինակ՝ Դուք Ժնևում ասում եք՝ ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանը և Ադրբեջանը մոտ են համաձայնության, Հայաստանի վարչապետը շաբաթներ առաջ ՄԱԿ-ի ամբիոնից աշխարհին ասում է՝ լավ, ասենք, որ լավ լինի, հետո ասում ենք, որ կա հարձակման վտանգ։ Գուցե պետք է սպասել, մինչև որ լավ լինի, հետո ասե՞լ, որ Ադրբեջանը կառուցողական է տրամադրված։
Ալեն Սիմոնյան. - Չէ, որովհետև կա այն տրամաբանությունը, որը ունես դու, և պետք չէ, որ դիմացինը քեզ իր տրամաբանությունը թելադրի և օրակարգ թելադրի։ Մենք ունենք մեր օրակարգը, և մեր օրակարգը խաղաղության հաստատումն է, և մենք դա անում ենք շատ դժվարությամբ, մենք խոսում ենք մեր հանրության հետ, մենք գիտակցում ենք, որ կան շատ խնդիրներ, սկսած Բաքվից հնչող սպառնալիքներից, վերջացրած մեր ռազմագերիներով։ Մենք հասկանում ենք, որ այդ խնդիրները կան, բայց մենք գնում ենք առաջ, որպեսզի լուծենք այդ խնդիրները, իսկ ուղղակի նստել, սպասել, թե մինչև Ադրբեջանը մի լավ բան կասի, որ մենք էլ լավ ասենք, որ ընդհանուր լավ լինի, կարծում եմ, դա օրակարգ է, որի մեջ կուզենան մեզ ներքաշել, որպեսզի ասեն ...
Այն նույն խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը զինվում է, որ պատրաստվի հարձակվել։ Մեզ համար բնական է՝ դա աբսուրդային է հնչում, և դա իրականության հետ որևէ կապ չունի, բայց տեսեք, դնում են դա շրջանառության մեջ, որպեսզի հնարավոր հարձակումը ապագա լեգիտիմացնեն։ Մենք չենք կարող այդ թելը թելել և այդ ճանապարհով գնալ։