չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
 Եկեղեցականները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»

Եկեղեցականները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավի «պտուղներն» արդեն երեւում են: Երբեմնի խրոխտ հոգեւորականներն ավելի զգուշավոր պահվածք են դրսեւորում: Պատմեցին, որ կիրակի օրը Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը եկեղեցու իր սենյակում է եղել, երբ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մտել են եկեղեցի, մոմ վառել եւ դուրս եկել:

Հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքացիներն անհամբեր սպասել են, որ Տեր Ահարոնը դուրս կգա իր սենյակից եւ, իր բնորոշմամբ` «չարիքին» դուրս կհրավիրի Աստծո տաճարից, սակայն նա դուրս չի եկել: Իսկ Տեր Ահարոնը եկեղեցու այն սպասավորներից է, որը հատկապես պատերազմից հետո ակտիվ քննադատում էր Փաշինյանին:

Սիսիանի հոգեւոր հովիվ Պարգեւ քահանան էլ, որ պատերազմից հետո հրաժարվել էր սեղմել եկեղեցի այցելած Փաշինյանի ձեռքը, շաբաթ օրը եկեղեցի է գնացել այն ժամին, երբ զույգն արդեն հեռացած է եղել:

Հավելենք նաեւ, որ հունիսի 9-ին Գարեգին Բ-ն մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: