հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պատրաստվեք լավ փոփոխությունների. Ծառուկյան

Պատրաստվեք լավ փոփոխությունների. Ծառուկյան

Անհնարին որևէ բան չկա երկիրը զարգացման ուղով տանելու համար, իսկ այդ նպատակին հասնել հնարավոր է գիտելիքի և բանիմաց մարդկանց շնորհիվ։ Այս մասին այսօր Աբովյանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
 
Նա, մասնավորապես, նշեց. «Պատրաստվեք լավ փոփոխությունների։ Ինչ ասել եմ, 10 անգամ շատն անելու եմ։ Կա լավ թիմ, կա կարողություն, կարճ ժամկետում կանենք ամեն ինչ։ Մենք ունենք հնարավորություններ, կապեր, որ կարողանանք առաջ տանել մեր ծրագրերը»:
Ծառուկյանի խոսքով՝ իրենց համար առաջնահերթությունը երաշխավորված խաղաղության ապահովումն է։
 
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հունիսի 7–ին հնչի մեր ազգային վերածննդի առաջին զանգը. պետք է մարդկանց համար աշխատատեղ ստեղծենք, որ նրանց դեմքին ժպիտ գա»,-ասաց նա և խոստացավ ընտրություններում հաղթելու դեպքում բարելավել բիզնես միջավայրը, զարգացնել ՓՄՁ–ները, իրականացնել սոցիալ–տնտեսական և զբոսաշրջային լայնածավալ նախագծեր:
 
Հանրահավաքի ժամանակ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ԲՀԿ-ի «Առաջարկ Հայաստան» նախաձեռնության անդամ Սուրեն Սուրենյանցն իր հերթին անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին` նշելով, որ Հայաստանում ընդդիմությունը երբեք այսքան միասնական չի եղել ազգային ինքնության պաշտպանության համար, որքան այսօր։
 
«Ոչ մի կուսակցություն և ոչ մի առանձին վերցրած քաղաքական գործիչ ի զորու չէ հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Առանց ներքին կոնսոլիդացիայի հնարավոր չէ լուծել երկրի անվտանգության հարցերը»,-ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ պատերազմի մունետիկները, որոնք, նրա գնահատմամբ, գործող իշխանության ներկայացուցիչներն են, չեն կարող մեղադրել ընդդիմությանը նոր էսկալացիա հրահրելու փորձերի մեջ. ընդդիմությունը ձգտում է խաղաղության և ներքին համախմբվածության։
 
Ծառուկյանն էլ, ամփոփելով իր խոսքը, նշեց. «Այսօր ես կարող եմ նայել ձեր աչքերի մեջ, սա կոչ է աշխարհին, որ ազգային վերածննդի մեջ մենք այսքան համերաշխության մեջ ենք, որ մենք ամբողջ աշխարհի հայության հետ միասնական լինենք։ Այդ հույսով մենք կարող ենք պահել ու լինել միասնական, որ մենք միասին ենք, բոլոր խնդիրները կարող ենք կարգավորել։ Աշխարհում ասելու բան ունենք, որ աշխարհում մենք առաջին քրիստոնյա ազգն ենք։ Որպես հպարտություն և մաքրություն, այսօր դուք բոլորդ աշխարհի տարբեր երկրներում Աբովյանը և աբովյանցուն գիտեք, որ հաստատակամ են, ամուր են, եթե մի բան ասում են, անում են։ Էլ չեն ասելու՝ Բրազիլիա, ասելու են՝ Աբովյան, Կոտայք, Հայաստան»:

  • Կիսվել: