երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Պատմական ցուցանիշ՝ կոռուպցիայի դեմ պայքարում. արդարադատության ոլորտի 2019 թվականի կատարողականը

Պատմական ցուցանիշ՝ կոռուպցիայի դեմ պայքարում. արդարադատության ոլորտի 2019 թվականի կատարողականը

Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման զեկույցի շրջանակում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի առջև բոլորի հավասարության, արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքները:

Ներկայացնելով Հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների 2019-22 թթ. ծրագրի շրջանակում կատարված և պլանավորված աշխատանքները՝ նախարարն անդրադարձել է հակակոռուպցիոն մարմինների շրջանակի ստեղծման աշխատանքներին՝ արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման պլանավորմանն ու Հակակոռուպցիոն դատարանի ձևավորումանը:

Կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրման շրջանակում Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ներդրված գույքի և շահերի բախման հայտարարագրման նոր ձևանմուշին, կոռուպցիոն ռիսկերի գնահատման և վերհանման նոր մեթոդաբանության մշակման աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու պետական մարմինների ներքին կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը, ինչպես նաև ներկայացրել է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանն առնչվող աշխատանքները:

Նախարարն անդրադարձել է նաև կոռուպցիոն հանցագործություների բացահայտմանը և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ԱԺ կողմից ընդունված օրենքին, ներկայացրել նաև ազդարարների ինստիտուտի ներդրման միասնական էլ. հարթակի արդյունքները՝ նշելով, որ ստացվել է 220 ազդարարում:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը 2019 թվականի արդյունքով 28 հորիզոնականով բարելավել է դիրքերը, ինչը բացառիկ է Հայաստանի պատմության մեջ:

2020թ. մարտի սկզբին Երևանի ամենամեծ ծննդօգնություն տրամադրող բժշկական 3 հաստատություններում հասանելի են դարձել ՔԿԱԳ ծառայությունները` երեխայի ծննդի, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման և ամուսնության պետական գրանցման գործողությունները:

Նախարարի խոսքով` առաջիկա ամիսներին կգործարկվի նաև միասնական առաջին գրասենյակը, որտեղ կլինեն ՔԿԱԳ-ի, Ազգային արխիվի, Կադաստրի, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, սոցապահովության բոլոր ծառայությունները մեկ միասնական կենտրոնում. հետագայում աշխատանքներ կտարվեն նաև համայնքային ծառայություններն ու Ոստիկանության անձնագրային և վիզաներ վարչության գործառույթը միասնական գրասենյակում ներառելու ուղղությամբ։

2019թ. հոկտեմբերին հաստատվել են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության, դրա կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ, ինչպես նաև էլ. արդարադատության ներդրման և զարգացման գործողությունների ծրագրերը։

Ընդունվել է Դատական օրենսգիրքը, որը լայն քննարկում է անցել և արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնցով բարեփոխվել է պարզեցված վարույթի ինստիտուտը: Մշակվել են Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծեր, որոնցով կատարելագործվել է ծանուցումների համակարգը:

2019թ. հուլիսին փոխոխություններ են կատարվել Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում, որի արդյունքում ներդրվել է պարտապանի գույքի հայտնաբերման, գույքի հայտարարագրման, դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմ: Մշակվել է սնանկության գործերի էլ. հարթակի բնութագիրը և առաջիկա ամիսներին կլինի սնանկության գործերի ամբողջական թվայնացման ներդրումը:

2019 թվականի և 2020 թթ. առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել  դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու 11 միջնորդություն, այն դեպքում, երբ 2018 թվականին ընդամենը մեկ միջնորդություն է ներկայացված եղել։

Գործարար միջավայրի բարելավման շրջանակում Սնանկության և հարակից օրենքների նախագծերով նախատեսվել են ֆինանսական առողջության և գրավչության ու այդ ծրագրերի արդյունավետության բարձրացման բարեփոխումներ:

Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության շրջանակում նախատեսվել են մի շարք գործողություններ, որոնք առնչվում են նաև քրեակատարողական ոլորտին: Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության 2019-23 թթ. գործողությունների ծրագրով թիրախավորված են վերականգնողական արդարադատության կայացման, կրկնահանցագործությունների նվազեցման, քրեական ենթամշակույթի հաղթահարմանն ուղղված միջոցառումները: ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց իրավունքների երաշխավորության ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ. Մասնավորապես, արդեն ինը քրեակատարողական հիմարկներում ներդրվել է սննդի մատակարարման նոր համակարգ, և սննդից օգտվելու ցուցանիշը կազմում է 100 տոկոս (նախքան այս համակարգին անցնելն այդ ցուցանիշը 60-70 տոկոս էր)

  • Կիսվել: