«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին զորակոչել ԳՇ-ի ստորաբաժանումներ. Հայկ Սարգսյանը դեմ է
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք ունեցող քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքից և սույն օրենքով սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Այս մասին այսօր տեղի ունեցած ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Այսինքն, այն զոհվածի եղբայրները կամ որդիները, ովքեր կցանկանան ամեն դեպքում անցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ հստակ կարող են գրավոր հրաժարվել այդ իրավունքից և անցնել պարտադիր զինվորական ծառայության»,- ասաց Սարգսյանը:
Նա ներկայացրեց, որ իր կողմից հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: «Առաջինից երկրորդ ընթերցում ստացել ենք փոփոխությունների 4 առաջարկ»:
««Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է, որպեսզի ոչ թե ազատենք նշված խմբի անձանց պարտադիր զինվորական ծառայությունից, այլ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով զինվորական ծառայության անցկացնել նրանց, այսինքն զորակոչել ՀՀ ԶՈւ-երի Գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումներ», ներկայացրեց Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով, այս առաջարկն իր կողմից չի ընդունվել, որովհետև ի սկզբանե օրենսդրական նախաձեռնության նպատակը եղել է տվյալ ընտանիքներում ծառացած սոցիալական և հոգեբանական խնդիրներ լուծելը:
«Իմ առաջարկով ներկայացրել եմ, որ զոհված զինծառայողների եղբայրները և որդիները ազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, որպեսզի նրանք շարունակեն իրենց ծնողների կամ ծնողի՝ մոր հետ, որպեսզի նրանք կարողանան ավելի հեշտ հաղթահարել իրենց առջև ծառացած նաև սոցիալական խնդիրները: Այսինքն, այս տղաները մնալով իրենց տանը աշխատեն և պահեն իրենց ընտանիքը՝ հոգալով իրենց ընտանիքի ծախսերն ու առօրյա խնդիրները, իսկ նրանց տանելով շտաբային ծառայության՝ դրանով, կներեք, չեմ կարծում, որ երկրի մարտունակությունն աճելու է, քանի որ ինչ-որ շտաբում որևէ մեկի օօգնականը, կամ որևէ մեկին ծառայություն մատուցելով որևէ հավելյալ արժեք այս զինծառայողը չի ստեղծելու»,- ասաց նախագծի հեղինակը:
Հայկ Սարգսյանի պնդմամբ, եթե նա մնա իր ընտանիքում, ուսում ստանա և աշխատի կարող է նաև նպաստ բերել իր ընտանիքին: «Ծնողները կտեսնեն իրենց կորցրած որդու կյանքի օրերը մյուս որդու տեսքով»:



