ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Պատիվ ունեմ» դաշինքի համար անկյունաքարային են երկրի անվտանգության հիմնախնդիրները. Խաչիկ Գալստյան

«Պատիվ ունեմ» դաշինքի համար անկյունաքարային են երկրի անվտանգության հիմնախնդիրները. Խաչիկ Գալստյան

«Պատիվ ունեմ» դաշինքը ԼՂ հիմնախնդիրն ու հայրենիքի անվտանգության հիմնահարցը անկյունաքարային է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը մամուլի ասուլիսին ընդգծեց, որ, եթե չլինի անվտանգություն՝ չի լինի նաև խաղաղություն, չլինի խաղաղություն՝ չի լինի կայունություն, չլինի կայունություն՝ չի լինի նաև զարգացում և, վերջապես, չլինի զարգացում՝ չի լինի բարեկեցություն:

«Դաշինքի համար անկյունաքարային է հայրենիքի անվտանգության հիմնահարցը և ԼՂ հիմնախնդիրը»,- շեշտեց դաշինքի անդամը:

Խաչիկ Գալստյանը նշեց, որ իրենք շոշափել են հասարակական կարծիքը, նայել են հասարակական տրամադրությունները, ստացել թարմ սոցիոլոգիական տվյալներ, ինչպես նաև ի մի բերել հանդիպումները:

«Ուսումնասիրով այս ամենը՝ վստահաբար կարող եմ ասել, որ ի դեմս «Պատիվ ունեմ» դաշինքի, մենք ստանալու ենք մեր ընտրողների պատկառելի թվով ձայները: Մեր ձայները կլինեն այնպիսին, որ ապագայի կառավարությունն առանց «Պատիվ ունեմ» դաշինքի անհնար կլինի պատկերացնել»,- նշեց Գալստյանը:

Նա նաև հայտնեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական խմբերը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին հասցրել են լինել ՀՀ տարբեր մարզերում՝ Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Արարատում: Գալստյանի խոսքով՝ հունիսի 10-ին «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ գտնվում է ՀՀ հարավային սահմաններում:

Նրա խոսքով՝ դաշինքի անդամները նաև ակտիվ են Երևանում՝ տեղի են ունենում բակային հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ:

  • Կիսվել: