հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պատգամավորներն առաջարկում են աշխատավարձի 1-2%-ի սահմանում դրոշմանիշային վճար գանձել

Պատգամավորներն առաջարկում են աշխատավարձի 1-2%-ի սահմանում դրոշմանիշային վճար գանձել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Արտակ Մանուկյանն առաջարկում են դրոշմանիշային վճարների (նախկին 1000 դրամների) դրույքաչափերը փոփոխել: 2020 թվականի տարեվերջին Կառավարության առաջարկով օրենքում փոփոխություններ եղան, որի համաձայն՝ մինչև 100 հազար դրամ հարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը դարձավ 1500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար հարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազարից մինչև մինչև 1 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն 1000 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 15 հազար դրամ (հարկերը ներառյալ աշխատավարձը), գրում է «Հետքը»։

 

Դեռ նախագծի քննարկման ժամանակ պատգամավորները քննարկում էին, որ միգուցե արժե աշխատավարձի ինչ-որ տոկոս ֆիքսել և ոչ թե նման դրույքաչափեր սահմանել:

Պատգամավորներն առաջարկում են մինչև 100 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում` 1500 դրամ, 101 հազարից մինչև 150 հազարի դեպքում` 2000 դրամ, 150 հազարից մինչև 300 հազար դրամի դեպքում`3000 դրամ, 300 հազարից մինչև 500 հազար դրամի դեպքում՝ 5000 դրամ, 500 հազարից մինչև 750 հազարի դեպքում` 7500 դրամ, 750 հազարից մինչև 1 միլիոն 500 հազար դրամի դեպքում` 15000 դրամ, 1 միլիոն 500 հազար դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 20000 դրամ դրոշմանիշաին վճար սահմանել:

Անհատ ձեռնարկատերերի և նոտարների դեպքում առաջարկվում է մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը դարձնել 18 000 դրամ, 2 միլիոն 401 հազարից մինչև 6 միլիոն դրամի դեպքում՝ 24 000 դրամ, 6 միլիոն մից մինչև 12 միլիոն  դրամի դեպքում՝ 48 000 դրամ, 12 միլիոն 1 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 120000 դրամ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի առաջադրման պատճառ է հանդիսացել ինչպես քաղաքացիների կողմից հնչեցված դիտարկումները, այնպես էլ հեղինակների կողմից Ազգային Ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բարձրաձայնած խնդիրները` կապված բեռի անհավասարաչափ բաշխվածության հետ: Ըստ նախագծի հեղինակների՝ փորձ է կատարվել ցածր և միջին աշխատավարձ ստացող անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար առաջացող ֆինանսական բեռը մեղմել: Պատգամավորները հիշեցրել են նաև կուտակային կենսաթոշակի մասով ուժի մեջ մտած փոփոխությունները:

Ֆիզիկական անձանց համար որոշակի բարելավում է նախատեսվում, օրինակ՝ 101 հազարից մինչև 150 000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 3000, այլ 2000 դրամ: 200000-300000 դրամ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 5500, այլ 3000 դրամ: Հեղինակները փորձում են մեղմել նաև Ա/Ձ-ի ֆինանսական բեռը, եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18000-180000 դրամ, ապա առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18000-120000 դրամ, ընդ որում, էականորեն ընդլայնվում է տարեկան 18000 դրամ վճարողների շրջանակը:

Նշվում է, որ փոփոխություններով վճարվելիք գումարի անհամաչափությունը վերանալու է, որը այժմ տատանվում է 0.85-3%-ի սահմաններում, առաջարկվող նախագծով լինելու է աշխատավարձի 1-2%-ի սահմաններում:

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել ցածր և միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական բեռը` դրան զուգահեռ ավելացնելով 1.5 մլն դրամից բարձր եկամուտներ ստացողների մասնակցության չափը:

Մեզ հետ զրույցում նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը ասաց, որ նախագծի վերաբերյալ Կառավարության անդամների հետ քննարկում եղել է, որոշ հարցերի շուրջ կա կոնսենսուս, որոշների դեպքում՝ ոչ: Պապոյանի խոսքով՝ այնպիսի փոփոխություններ են փորձել ներկայացնել, որ ֆինանսական բեռը հիմնականում 750 հազարից ավելի եկամուտ ստացող անձանց վրա լինի: Պատգամավորը վստահեցրեց՝ հաշվարկները հստակ արված են նման փոփոխությունների դեպքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին անհրաժեշտ գումարի չափը չի պակասի:

Ըստ ընթացակարգի՝ նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկման կարող է ներկայացվել երկու ամսվա ընթացքում, պատգամավորը սակայն չբացառեց, որ այս հարցով արտահերթ նիստ լինի, պարզապես դեռ պետք է հասկանալ Կառավարության վերջնական դիրքորոշումը:

Ի դեպ, պատգամավորներն առաջարկում են փոփոխությունները տարածել 2021 թվականի հունվարից հետո ծագած հարաբերությունների վրա, հետևաբար ընդունվելու դեպքում այն հետադարձ ուժ կունենա:

  • Կիսվել: