չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Պատգամավորներից ոչ ոք կախված չէ մանդատներից, դրանց վայր դնելու ժամանակն էլ կգա. Բագրատ Սրբազան

Պատգամավորներից ոչ ոք կախված չէ մանդատներից, դրանց վայր դնելու ժամանակն էլ կգա. Բագրատ Սրբազան

Շատ է խոսվել մանդատները վայր դնելու մասին. բոլոր լուծումները քննարկված են: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները վայր դնելու հավանականության մասին:

«Մենք ժամանակի, նպատակահարմարության և արդյունավետության հարց ունենք: Մի՛ փորձեք շահարկել այս թեման, քննարկե՛ք, բայց մի՛ շահարկեք: Այդ թեման առկա է, այն կգործի՝ ըստ նպատակահարմարության և ճիշտ ժամանակի: Ոչ ոք դա չի բացառել: Բոլոր քաղաքական լուծումները և՛ առաջարկված են, և՛ քննարկված: Բոլորիս միտքը մեկն է՝ այդ քայլը պիտի ունենա առավելագույն արդյունավետություն, դա չպիտի լինի պարզապետ էֆեկտի համար: Մենք պիտի սովորենք զգացմունքից մտքին անցնելուն:

Պատգամավորներից ոչ ոք կախված չէ մանդատներից, դրանց վայր դնելու ժամանակն էլ կգա, բայց հիմա մեզ արդյունքն է հետաքրքրում, իսկ այն կուսակցությունները, կազմակերպությունները, արվեստի գործիչներն ու ընդհանրապես բոլորը, որոնք լուռ մնացին հունիսի 12-ին, լատենտ նիկոլականներ են»,-հավելեց նա:

Սրբազանը նաեւ վստահեցրեց. «Այս փուլը վերակազմակերպվելու փուլ է, համաժողովրդական դարձնելու փուլ է։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ մենք հասնելու ենք մեր երազած հաղթանակին»։

 

  • Կիսվել: