երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն կար՝ հրաժարվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս ճանաչելու տեսլականից․վարչապետ

Պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն կար՝ հրաժարվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս ճանաչելու տեսլականից․վարչապետ

Պատերազմական «կոնվեյերը» կանգնեցնելու տեսական հնարավորություն կար, եթե Հայաստանը հրաժարվեր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից։  ՀՀ ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե չի՞ կարծում, որ պատերազմական «կոնվեյերը» կանգնեցնելն անհնար էր, ինչ էլ, որ արվեր։

«Մենք այդ պահին կարող էին ասել, որ մենք հրաժարվում էինք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից և գնայինք այդ ճանապարհով, որը, իհարկե, չի երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել։

Ես ուզում եմ նաև խոսել պատերազմի խաչմերուկների մասին, որովհետև պատերազմական «կոնվեյերին» հաջորդում էին պատերազմի խաչմերուկները՝ բանակցային բովանդակությամբ. բանակցային գործընթացում կային պատերազմ հանգեցնող խնդիրներ։ Պատերազմի խաչմերուկները Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք և՛ Կազանում ճշգրտված չէին, և՛ հետագայում ավելի պակաս էին ճշգրտված, այստեղ պետք է լիներ որոշակի քննարկում։ Պատերազմի հաջորդ խաչմերուկը Լեռնային Ղարաբաղի, այսպես ասած, հայ և ադրբեջանական համայնքների ներգրավման գործընթացն էր, հաջորդը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի հնարավոր գործընթացը խաղաղության պայմանագրի շրջանակում։ 

Այսինքն՝ ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը, որը կարող էր տեսական հնարավորություն ստեղծել նման զարգացումներից խուսափելու համար»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: