ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատերազմի օրերին գույքը տնօրինելու դիմաց քաղաքացիները փոխհատուցում կստանան

Պատերազմի օրերին գույքը տնօրինելու դիմաց քաղաքացիները փոխհատուցում կստանան

ArmLur.am-ը տեղեկացավ՝ Կառավարության որոշմամբ, ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Կառավարությունն ունի իրավունք ռազմական դրության ողջ ընթացքում տնօրինել իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող գույքը՝ պայմանավորված պետության կարիքների անհրաժեշտությամբ, և քանի որ ռազմական դրությունը հանվել է, հիմա Կառավարությունը պարտավոր է փոխհատուցել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ նրանց պատկանող գույքը տնօրինելու դիմաց։

Այդ նպատակով գործադիրն ընդունել է որոշում, որով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության, գույքին պատճառված վնասի կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքում դրա օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով:

Եվ ահա միջգերատեսչական հանձնաժողովն ուսումնասիրելու է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրած փաստաթղթերը և 30-օրյա ժամկետում փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկությունները, դրանք ներկայացվելու են վարչապետի աշխատակազմ՝ Կառավարության քննարկմանը դնելու նպատակով, ընդ որում, փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկություն ներկայացվելու դեպքում նշվում է նաև առաջարկվող փոխհատուցման չափը։

Հավելենք, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարվեց ռազմական դրություն և հանվեց պատերազմի ավարտից 4 ամիս անց՝ 2021 թվականի մարտի 24-ին։

  • Կիսվել: