Պատեհ չեմ համարել բրյուսելյան հարթակում շարունակել Փառուխի դեպքերի քննարկումը․ Փաշինյան
«Թույլ տվեք նիստին ներկա և ընդհանրապես բոլոր կանանց շնորհավորել գեղեցկության տոնի առթիվ։ Առաջարկում եմ ծափերով ողջունենք նրանց»,- այսօր կառավարության հերթական նիստն այսպես մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրի անդամները ծափերով շնորհավորեցին կանանց ապրիլի 7-ը։
Կառավարության նիստում խոսելով Բրյուսելում երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Բրյուսելում քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես՝ Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականին։
«Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի Բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պետք է քննակվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք։
Այս թեմայով մեր դիրքորոշումը հայտարարել եմ, ըստ այդմ՝ ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղպահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժնումների դուրբերումը ապահովելու համար»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է՝ կարևոր է համարում իրադարձությունների զարգացման թատերաբեմում ՌԴ խաղաղապահների գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետագա հետաքննության իրականացումը:
«Այդ մասին խոսել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասաց Փաշինյանը։
«Առաջինը, երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ եւ շփումներ: Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացրած սկզբունքներն ու հարցերը պետք է ի մի բերվեն եւ բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարության նախորդ նիստում ինքը բարձրաձայնել է հայկական կողմի նկատառումները. «Տեղյակ եք, որ մենք ընդգծել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը եւ մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ԼՂ ողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաեւ ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը:
Այս հարցերը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում եւ պետք է դառնան բանակցությունների առարկա: Իհարկե, ինչպես նախկինում, մենք էական ենք համարում այս գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը եւ պիտի շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,-ասաց նա:


