կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պատասխանատուները պետք է վերլուծեն պատերազմում պարտության պատճառները. ՀՀ նախագահ

Պատասխանատուները պետք է վերլուծեն պատերազմում պարտության պատճառները. ՀՀ նախագահ

Արցախյան վերջին պատերազմում պարտության պատճառները պետք է վերլուծել՝ հասկանալու համար, թե ի՞նչ տեղի ունեցավ և ի՞նչը սխալ արվեց։ Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Լևոնյան վարժարանում Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Իհարկե, պետք է խոսենք այն մասին, թե ինչը սխալ արեցինք։ Մարդիկ, ովքեր պատասխանատու են, պետք է նստեն, բաց քննարկեն, թե ինչպե՞ս եղավ, որ չհաղթեցինք այս պատերազմում, ինչպե՞ս եղավ, որ 94-ին հաղթեցինք։ Կան պատասխանատուներ, որոնց պարտականությունն է վերլուծել պատերազմների հաղթանակների և պարտությունների պատճառները»,- ասաց նախագահը։

Արմեն Սարգսյանը նկատեց, որ 2020 թվականը դժվար տարի էր աշխարհի շատ պետությունների համար, սակայն Հայաստանի, հայերի համար այն շատ ավելի ցավալի էր, որովհետև եղավ երիտասարդ բազմաթիվ կյանքերի կորուստ։

«Պատերազմ էր, որտեղ մենք կորցրեցինք, սակայն չմոռանանք, որ նույն թշնամուն, նույն Ադրնեջանին, 90-ականներին հաղթել էինք։ Կասկած չկար, որ մեր մարտիկները հայրենանվեր պայքար էին մղում։ Հարցն ուրիշ տեղ էր. 1990-ականների սկզբին մենք երևի ավելի լավ էինք պատրաստված պատերազմին՝ ներգրավելով մեր հայրենակիցներին։ Այդ ժամանակ ինչ-որ տեղ առաջ էինք Ադրբեջանից և հաղթեցինք։ Ցավոք, 26 տարիներին չկարողացանք այդ հաղթանակը վերածել կայուն խաղաղության։ Եվ եղավ երկրորդ պատերազմը, որտեղ ավելի առաջ չէինք թշնամուց։ Ադրբեջանն օգտագործեց իր բնական ռեսուրսները՝ նավթը, գազը, կառուցեց նոր բանակ, օգտվեց Թուրքիայի ուղղակի աջակցությունից։ Եվ այդտեղ հարցը մեր մարտիկների քաջության մեջ չէր, մարտիկների նվիրվածության մեջ չէր, այլ՝ սպառազինության»,- ավելացրեց Արմեն Սարգսյանը։

Նախագահի խոսքով՝ շատ մեծ դժբախտություն տեղի ունեցավ, որի հետևանքները մինչև այսօր կան. կան գերության մեջ գտնվողներ, անհետ կորածներ։

Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ հանդիպումների ժամանակ մեկ անգամ ևս բարձրացրել է այս բոլոր հարցերը՝ սահմանային խնդիրներ, գերիներ, անհետ կորածներ, և խնդրել է Իտալիայի աջակցությունը։

«Այո, պարտություն էր, բայց մի բանում վստահ ենք՝ այս ժողովուրդը վերապրող է։ Մենք եղեռն ենք վերապրել, ոտքի ենք կանգնել, ու դա արել ենք աշխարհով մեկ, վերակառուցել ենք մեր կյանքը։ Ես վստահ եմ` բոլորս միասին վերագտնելու ենք մեզ ու վերականգնվենք»,- հավելեց ՀՀ նախագահը։

  • Կիսվել: