հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաստաբանները կմիանան Փաշինյանին անվստահություն հայտնելուն ուղղված ակցիաներին, այդ թվում՝ գործադուլին․ Արա Զոհրաբյան

Փաստաբանները կմիանան Փաշինյանին անվստահություն հայտնելուն ուղղված ակցիաներին, այդ թվում՝ գործադուլին․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին մասնակցել են ավելի քան վաթսուն փաստաբան:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը։

Ակումբի նիստում ելույթ են ունեցել փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Վահան Հովհաննիսյանը, Էդգար Բադեմյանը, Մանուշ Եսայանը, Տիգրան Սարգսյանը, Անահիտ Պետրոսյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Տաթեւիկ Բուջատյանը, Գոռ Մարգարյանը, Արմինե Ֆանյանը, Ազատ Շահբազյանը, Վրեժ Խաչիկյանը, Արսեն Համբարձումյանը, Գայանե Ղուլյանը, Հարութ Ակլունցը, Արամ Օրբելյանը, Մարինե Ֆարմանյանը, Հովհաննես Խուդոյանը եւ Սամվել Ջաղինյանը:

Քննարկման ժամանակ փաստաբաններն ընդգծել են փաստաբանական հանրույթի կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգին խիստ արձագանքելու մոտեցումը: Առաջարկվել է միանալ բողոքի ակցիաներին, այդ թվում դատական նիստերին եւ դատավարական (քննչական) գործողություններին չմասնակցելու ձեւով:

Հնչել են նաեւ կարծիքներ այն մասին, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար այնքան օրհասական է, որ պետք է պետական շահի պաշտպանությանը տրվի առավելություն մասնավոր՝ վստահորդի շահի նկատմամբ եւ հնչեցվել է համոզմունք, որ վստահորդներն առավելապես կհասկանան եւ կընդունեն այդ մոտեցումը:

Հնչել են նաեւ կարծիքներ, որ բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներին բերման ենթարկելու եւ այլ անհետաձգելի դեպքերում, փաստաբանները կարող են բացառություն անել:

Առաջարկվել է նաեւ փաստաբանների մասնագիտական ունակություններն օգտագործել ռազմական գործողությունների հետ կապված հանցագործությունների բացահայտմանը նպաստելու, ինչպես նաեւ հայրենիքին օգտակար այլ հարցերով:

Քննարկման արդյունքում ակումբին մասնակցող փաստաբանները որոշել են՝

1. 2020թ. դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ից միանալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն ուղղված բողոքի ակցիաններին, այդ թվում՝ գործադուլին:

2. 2020թ. դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվել դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետեւ՝ ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետեւյալ փաստաթղթերը փոխանցելու նպատակով՝

ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու եւ վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը.

բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը.

գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը»:

  • Կիսվել: