շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաստաբան Արտյոմ Գեղամյանն անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման մասին Էդգար Ղազարյանի գրառմանը

Փաստաբան Արտյոմ Գեղամյանն անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման մասին Էդգար Ղազարյանի գրառմանը

Փաստաբան Արտյոմ Գեղամյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մասին ՀՀ վարչապետի որոշմանը և այդ կապակցությամբ Էդգար Ղազարյանի գրառմանը։

Գեղամյանի խոսքով՝ ինքը երբևէ չի միջամտել Ֆեյսբուքում ընթացող տարբեր, այդ թվում՝ առերևույթ իրավաբանական համարվող բանավեճերին, սակայն երբեմն որոշ պարզաբանումներ կարող են օգտակար լինել տարբեր կամ հակադիր կարծիքներ ունեցող կողմերի դիրքորոշումների հստակեցման համար։

«1. Գրառման համաձայն՝ քննարկվող որոշումն անօրինական է, «քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, հետևաբար երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների համատեղ աշխատանքները, այդ թվում՝ հանձնաժողովների համատեղ նիստերը, չեն կարող ունենալ որևէ դիվանագիտական և իրավական հիմնավորում»:

Պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը սովորաբար կապվում է փոխադարձ ճանաչման կամ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայության հետ, որը կարող է ձևակերպվել երկկողմանի միջազգային համաձայնագրով։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը իրավական արգելք չէ պետությունների аd hoc համագործակցություն համար՝ պայմանավորված երկկողմանի անհրաժեշտությամբ։ Նման դեպքերը բազմաթիվ են միջպետական հարաբերությունների պրակտիկայում։

Այլ խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը իրավաբանական նշանակություն չունի այն ներպետական իրավական ակտերի իրավաչափության գնահատման տեսանկյունից, որոնք ընդունվել են պետությունների ազատ կամահայտնությամբ և ուղղված են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այս կամ այն հարցի կարգավորմանը։ Քննարկվող որոշման համար իրավական հիմք է ծառայել «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, համաձայն որի՝ «վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին»։ Հանձնաժողովի իրավասությունը սահմանափակված է կատարված աշխատանքների և ուսումնասիրությունների հիման վրա ամփոփ եզրակացության ներկայացմամբ։

Զարգացնելով արտահայտված միտքը՝ հեղինակը գտնում է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով որոշում է կայացրել նման հանձնաժողով ստեղծելու մասին, նախքան այդ որոշման կայացումը չի ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ միջազգային պայմանագիր։ Իրավական իմաստով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հետ կապված հարաբերությունները պետք է կանոնակարգված լինեին համապատասխան միջպետական պայմանագրով, որը պետք է անցներ ներպետական վավերացման գործընթաց, ինչը չի արվել»։

Սրան մոտ է ՀՀ վարչապետի «ՀՀ-ի և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի աշխատակարգը հաստատելու մասին» 2020 թվականի հունիսի 26-ի 751-Լ որոշման հավելվածի 1-ին կետը, սակայն այս կարգավորումը վերաբերում է միայն միջկառավարական հանձնաժողովների ստեղծմանը, մինչդեռ տվյալ դեպքում ստեղծվածը միջկառավարական հանձնաժողով չէ, և հետևաբար այս նորմը կիրառելի չէ։

Ինչ վերաբերում է երկրորդ մտքին, ապա հեղինակը հակառակ գործընթաց է նկարագրում․ սահմանազատման և սահմանային անվտանգության հետ կապված հարաբերությունները միջպետական պայմանագրով կարգավորելու համար նախ անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովների ու բանակցությունների ճանապարհով կատարվի նախապես անհրաժեշտ այդ աշխատանքը։

2. Վկայակոչելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը («Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով»)՝ հեղինակը գտնում է, որ «ստեղծված հանձնաժողովը նման իրավասություն չունի, հետևաբար ապօրինի է։ Ավելին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 205-ը սահմանում է, որ Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»։

Այո, շատ ճիշտ է։ Սակայն խնդիրն այն է, որ հանձնաժողովը չունի պետական սահմանի փոփոխություն կատարելու լիազորություն։ Դա անհեթեթություն կլիներ։ Հանձնաժողովն իր աշխատանքների արդյունքով եզրակացություն է ներկայացնելու ՀՀ վարչապետին, այլ ոչ թե ընդունելու է պետական սահմանների փոփոխության կամ տեղորոշման մասին որևէ իրավական ակտ։ Միգուցե ավելի կարևոր կլինի հետևել հանձնաժողովի աշխատանքներին, իսկ հնարավորություն դեպքում նաև ցուցաբերել մասնագիտական կամ խորհրդատվական աջակցություն, ինչի կարիքը, կարծում եմ անպայման կլինի։

3. Հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետին («Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով») և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին՝ հեղինակը պնդում է, որ փոխվարչապետը չունի նման հանձնաժողովների կազմում ընդգրկվելու լիազորություն, ավելին՝ գտնում է, որ նման գործունեությունը ենթադրյալ հանցագործության տարրեր կարող է պարունակել և առաջացնել քրեական պատասխանատվություն ենթադրող հետևանքներ։

Սա իրավաբանության հետ կապ չունի։ Առաջին կետի պարզաբանումը հավասարապես վերաբերում է նաև այս դիտարկմանը։

4. Անդրադառնալով վարչապետի կողմից խորհրդակցական մարմիններ կազմավորելու՝ օրենքով սահմանված իրավասությանը՝ հեղինակը գտնում է, որ «օրենքը վարչապետին իրավունք է տալիս ստեղծելու խորհրդակցական մարմիններ, սակայն ոչ հանձնաժողովներ։ Հետևաբար Ձեր (փոխվարչապետի) գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովն ապօրինի է»։

Ավելորդ է նշել, որ խորհրդակցական մարմինները կարող են տարբեր անվանումներ ունենալ։ Ավելին՝ խորհրդակցական մարմինների մեծ մասը հենց այդպես էլ կոչվում է՝ հանձնաժողով։

Հուսով եմ՝ այս պարզաբանումը օգտակար կարող է լինել այս գործընթացների մասնակիցների համար։ Ուրախ կլինեմ լսել այլ կարծիքներ»,- գրել է Գեղամյանը:

  • Կիսվել: