կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Փաշինյան

Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին, որտեղ անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Նա խոսել է նաև ՀՀ-ի ու Հունաստանի միջև ստորագրված՝ պաշտպանության մասին հուշագրի վերաբերյալ:

Հայաստանի անկախությունից ի վեր հայ ժողովուրդը մշտապես վայելել է Հունաստանի աջակցությունը: Առիթն օգտագործելով, կրկին պետք է երախտագիտություն հայտնեմ հույն ժողովրդին և Հունաստանի կառավարությանը դժվարին պահերին մեր կողքին լինելու և ցուցաբերած օժանդակության համար:

«Պաշտպանական ոլորտի համագործակցությունը երկարամյա ավանդույթներ ունի, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրվեց երկու կառավարությունների միջև Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, որը ենթադրում է փորձի, գիտելիքի փոխանակում, համատեղ նախագծերի զարգացում: Հունաստանի ուսումնական հաստատություններում ուսումնառության հնարավորություն ունեն բազմաթիվ հայ կուրսանտներ. սրանք այս ոլորտում փոխգործակցության միայն մի քանի դրվագներ են: Պարբերաբար անց են կացվում համատեղ զորավարժություններ։ Չնայած պաշտպանական ոլորտում գերազանց համագործակցությանը, այն զարգացնելու մեծ ներուժ կա: Առաջիկայում, հուսով ենք, համագործակցությունն այս ուղղությամբ, կընդլայնվի:

Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ պաշտպանության բնագավառում ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը»,-ասել է վարչապետը։

  • Կիսվել: