Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 6-ին մեկնարկած աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, Հայաստանի համար սպասված տնտեսական արդյունքները, ըստ ամենայնի, չի տվել։
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին։ Հաշվի առնելով վերջին ամիսներին հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա խնդիրները՝ սպասվում էր, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի հասնել առնվազն որոշակի պայմանավորվածությունների, որոնք կթեթևացնեն հայկական բիզնեսի առջև ծառացած դժվարությունները։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չի վերադարձել Եկատերինբուրգից։
Մեր տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկումների փորձեր եղել են, սակայն որևէ առանցքային հարցի շուրջ գործնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Մասնավորապես, չի հաջողվել առաջընթաց ապահովել Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների շուրջ առկա սահմանափակումների հարցում։ Չեն կարգավորվել նաև առանձին ապրանքատեսակների՝ ռուսական շուկա մուտքի հետ կապված խնդիրները, որոնք ամիսներ շարունակ լուրջ դժվարություններ են ստեղծում հայ արտահանողների համար։ Նույն իրավիճակն է նաև էներգետիկ ոլորտում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բնական գազի թեմայով ևս որևէ շոշափելի տեղաշարժ չի արձանագրվել, և այդ ուղղությամբ առկա անորոշությունը շարունակում է պահպանվել։
Կառավարական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է բարեկամական և ջերմ մթնոլորտում։ Կողմերը երկար զրուցել են, միասին ճաշել, կենացներ են ասել՝ միմյանց գովելով, սակայն այդ ջերմ մթնոլորտը չի վերածվել կոնկրետ քաղաքական կամ տնտեսական արդյունքի։
Արդյունքում Հայաստանի համար ամենազգայուն տնտեսական հարցերը շարունակում են մնալ բաց»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



