ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը պիտի խոստովանի, որ չի տիրապետում իրավիճակին, հանձնի իշխանությունը և հեռանա. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Փաշինյանը պիտի խոստովանի, որ չի տիրապետում իրավիճակին, հանձնի իշխանությունը և հեռանա. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Մենք արդեն մոտ մեկ տարի հայտարարում ենք, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա՝ հանուն ՀՀ պետական շահի: Այդ մասին այսօր խորհրդարանում Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները վերջին մեկ տարում արել են մեկ բան․ կառչած են մնացել իրենց աթոռներից։ Որևէ մեկը չի մտածել Հայաստանի և Արցախի անվտանգության մասին, և երեկվա դեպքը հենց այդ մասին է խոսում, որ չունենք անվտանգային համակարգ։

Ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուն, ապա Արթուր Վանեցյանը նկատեց, որ ՀՀ-ում վերջին երկու տարում մեկ անձի իշխանություն է, և կարևոր չէ՝ ով է պաշտպանության նախարարը, ԱԱԾ տնօրենը։

«Կա մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյան, և այս ամենի պատասխանատվությունը նա՛ է կրում»,- նշեց նա։

Հարցին, թե այս պարագայում ի՞նչ է անելու ընդդիմությունը, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ իշխանությունը մշտապես ստի վրա հիմնված հայտարարություններ է անում, և ո՛չ ընդդիմությունը, ո՛չ հանրությունը չեն կողմնորոշվում՝ որն է ճիշտը։

«Ընդդիմադիր պատգամավորները դիմել են պաշտպանության՝ արդեն նախկին նախարարին, որպեսզի հնարավորություն ունենան մեկնելու սահման և տեղում ծանոթանալու տիրող վիճակին»,- նշեց նա, ապա հավելեց, որ պատգամավորներին ինչ-ինչ պատճառներով ՊՆ-ից մերժում են, մինչդեռ իշխանականները մեկնում են առաջնագիծ։

Արթուր Վանեցյանը նշեց, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ իրենց օրակարգում որևէ բան չի փոխվել։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ Փաշինյանը պիտի խոստովանի, որ չի տիրապետում իրավիճակին, հանձնի իշխանությունը և հեռանա:

  • Կիսվել: