կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյանը Ոսկեպարում էր

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյանը Ոսկեպարում էր

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, Տավուշում Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Հանդիպման առաջին րոպեների տեսագրությունը հրապարակվել է 1lurer.am կայքում։

Փաշինյանը, կրկին ցույց տալով վերջերս պատրաստած ՀՀ քարտեզի մակետը, կրկին հայտարարել է, որ դա է իր պատկերացրած Հայաստանի Հանրապետությունը։

«Մենք տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում»,- ասել է Փաշինյանը՝ կրկնելով՝  Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղերի մասին։

«Գիտեք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղերի մասին։ 4 ոչ անկլավային գյուղերի մասին ենք դեռ խոսում։

Գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին, բարձրացնում ենք այդ հարցը, իրենք էլ բարձրացնում են այն հարցը, և երբ մենք ուզում ենք այս քննարկումներու առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք՝ դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի էսպիսի փաստարկ, որ ՀՀ բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն, գյուղի բնակելի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ։ Իրենք ասում են՝ եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքները ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի, բնակավայրերի կենսական նշանակության տարածքների մասին։

Մենք հակադարձում ենք, ասում ենք, որ գյուղը միայն գյուղաապետարանը չէ, նաև նրա կենսական տարածքներն են, նկատի ունեմ՝ այդ քննարկումների ժամանակ բոլոր փաստարկները բերում ենք, և մեր փաստարկներն արդարացի են։

Եվ մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։

Սա է նաև պատճառը, որ մենք որոշել ենք, որ պետք է գնանք այս հատվածներում Հայաստանի Հանրապոտության սահմանի ճշգրտման։ Ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- իր դիրքորոշումն այսպես է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: