ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաշինյանը՝ ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ին ներկայացված հարցադրման և կառույցից դուրս գալու հարցի մասին

Փաշինյանը՝ ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ին ներկայացված հարցադրման և կառույցից դուրս գալու հարցի մասին

Հայաստանը փաստացիորեն սառեցրել է իր գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում․ սա պետության քաղաքական որոշումն ու դիրքորոշումն է, որը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը չի մասնակցում կառույցի նիստերին, չունի մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում, չի օգտագործում իր քվոտան գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու համար, կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ։

«Քաղաքական որոշումն ու դիրքորոշումը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։ Այո, մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք»,- ասաց վարչապետը։

Խոսելով այն մասին, թե ինչքանով է հայկական կողմի դիրքորոշումը ՀԱՊԿ նկատմամբ ազնիվ, արդար և բարոյապես ճիշտ, նա նկատեց, որ ՀՀ խնդրանքը և նաև պահանջը ՀԱՊԿ-ին մեկն է՝ հստակեցնել, թե որն է կառույցի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ «Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիր չենք ստեղծել։ Բոլոր խնդիրները ստեղծվել են այն կետից, երբ մենք հարց ենք բարձրացրել, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում և այդ հարցի պատասխանը չենք ստացել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ տարբեր քննարկումների ժամանակ Հայաստանը ստացել է ՀԱՊԿ և Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների շատ հստակ, տարակարծության և տարընթերցման տեղ չտվող դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է իրենց համար։ Սակայն, 2021 թվականի մայիսին, նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին տեղի են ունեցել իրադարձություններ, երբ այդ կարմիր գիծը հատվել է, մինչդեռ դրանց չեն հետևել ՀԱՊԿ կանոնադրության և ճգնաժամային իրավիճակներին արձանագրման կարգի մեջ նախանշված քայլերը։

Փաշինյանն արձանագրեց՝ եթե ՀԱՊԿ -ն կպատասխանի հարցին՝ թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը և այդ պատասխանը կհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, դա կնշանակի ՝ Հայաստանի և ՀԱՊԿ միջև հարցերը հասցեագրված են, լուծված և ամփոփված՝ դրանից բխող հետևանքներով։ «Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Թե երբ, չեմ կարող ասել»,- եզրափակեց վարչապետը։

  • Կիսվել: