Փաշինյանը գովեց ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներին, բայց նրանց նշանակելու հարցում վերջնական որոշում չունի
Կապանում այսօր կազմակերպված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներին և նշել, որ նրանց տրվել են որոշ արտոնություններ։
«Ոստիկանությունում կամ ԱԱԾ-ում, երբ որևէ մեկը նշանակվում է պետի կամ տնօրենի պաշտոնակատար, սովորաբար շարունակում են աշխատել իրենց աշխատասենյակում։ Երբ ես Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին նշանակեցի պաշտոնակատարներ, ինքս՝ անձամբ երկուսին էլ ուղեկցել եմ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի աշխատասենյակներ, դուռը բացել եմ ու ասել, որ կաշխատեն այնտեղից: Ես ասել եմ, որ ժամակավոր պաշտոնակատար նշանակելով՝ չեմ գնալու այլ թեկնածու փնտրելու: Ասել եմ, որ իմ բաժին որոշումը կայացրել եմ: Ասել եմ, որ իրենք իրենց աշխատանքի ընթացքում պետք է կայացնեն իրենց բաժին որոշումները», հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այսօր ՀՀ ոստիկանության համակարգի, ԱԱԾ համակարգի և իր միջև կա լիարժեք փոխադարձ վստահություն.
«Սակայն սա չի նշանակում, որ այդ համակարգերում չեն կարող լինել պաշտոնյայներ, ովքեր ամենատարբեր երևույթների մեջ ներքաշված կլինեն: Դա է պատճառը, որ այդ կարգավիճակում նրանք լիարժեք ախատում են»:
Վարչապետը հավելեց նաև, որ ոստիկանությունում մասշտաբային ռազմավարական բարեփոխումներ են սկսում.
«ԱԱԾ-ում էլ ենք մասշտաբային բարեփոխումներ սկսում: Այդ երկու բարեփոխումների արդյունքում Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դառնալու են շատ ավելի ուժեղ, պրոֆեսիոնալ, ժողովրդավարական իրավակարգի հենասյունները»:
Փաշինյանի խոսքերով, պաշտոնակատարներն այս պահի դրությամբ արդարացրել են սպասումները, սակայն դա չի նշանակում, որ Ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատանքներն անթերի են։
«Մինչև մարտ ժամանակ կա, որոշումները կկայացվեն»,- հավելեց նա: