կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանն ու Լուազոն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ

Փաշինյանն ու Լուազոն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ:

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնց առաջմղման հարցում կարևորվել է ԵՄ օրենսդիր մարմնի դերը։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետը խոսել է առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի մոտեցումների մասին։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության համար դժվարին պայմաններում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերած սկզբունքային մոտեցմանն ու հստակ գնահատականներով և ուղերձներով ընդունված փաստաթղթերը։

Նատալի Լուազոն շնորհակալություն է հայտնել վարչապետին` Հայաստանի Հանրապետության Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար և նշել, որ հետագայում ևս շարունակելու է ակտիվ գործունեությունը` ի նպաստ Հայաստանի ու բարեկամ հայ ժողովրդի:

Մեդալն օրերս Նատալի Լուազոյին էր հանձնել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ՀՀ համար առանցքային կարևորության հարցերի առաջմղման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

  • Կիսվել: