հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանն Ալիևին առաջարկեց տարածաշրջանի անվտանգությունն ընկալել որպես երկուստեք խնդիր

Փաշինյանն Ալիևին առաջարկեց տարածաշրջանի անվտանգությունն ընկալել որպես երկուստեք խնդիր

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ  ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն ու Արցախը պատրաստ են իրական ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում հարատևելի խաղաղություն ձևավորելու համար։

Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ես այս իրավիճակը համարում եմ ոչ միայն իմ պատասխանատվությունը՝ հանուն իմ երկրի անվտանգության, այլ նաև ես գիտակցում եմ իմ պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար, համաշխարհային գլոբալ անվտանգության համար, և ես առաջարկում եմ նախագահ Ալիևին՝ այս իրավիճակն ընկալել որպես մեր երկուստեք խնդիրը, անելիքը, այն է՝ ձևավորել հարատևելի խաղաղություն և կայունություն, ու այս իրավիճակը դիտարկել ոչ միայն մեր ազգային օրակարգի հիմնախնդիր, այլ նաև որպես գլոբալ և տարածաշրջանային անվտանգության օրակարգի խնդիր և մեր պարտականությունն ու պարտքն է մեր ջանքերը գործադրել, մեր ներդրումը ունենալ գլոբալ անվտանգության մեջ, և ես ձեզ հավաստիացնում եմ, որ ՀՀ-ն և ԼՂ-ն պատրաստ են դրան» ։

Նրկոլ Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ շեշտի, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Նա ասաց. «Եթե որևէ մեկն այլ կերպ է մտածում և ասում է, թե կա հակամարտության ռազմական լուծում, ես կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կպատասխանի, որ այդ պարագայում մենք կարող ենք ասել, որ այս հակամարտությունն արդեն լուծված է։ Ես, սակայն, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է տևական, հարատևելի խաղաղություն»:

Հիշեցնենք, որ այս պահին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ  ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկում:

  • Կիսվել: