շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը կարևորել են Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը

Փաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը կարևորել են Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Օլիվյե Դեկոտինիին:

Վարչապետը շնորհավորել է պարոն Դեկոտինիին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմամբ:

Օլիվյե Դեկոտինին նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը նպաստելու հայ-ֆրանսիական առանց այն էլ ամուր կապերի խորացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը, ֆրանսիական ընկերությունների՝ հայկական շուկա ներգրավմանը, ներդրումային ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին: Կարևորվել է Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

 

  • Կիսվել: