հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կայացումն այլընտրանք չունի. Էդվարդ Նալբանդյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կայացումն այլընտրանք չունի. Էդվարդ Նալբանդյան

2008-2018թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Sputnik Արմենիա լրատվական գործակալությանն է տրամադրել հեղինակային հոդվածն առ այն, թե ինչպես է այդ տարիներին ընթացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Հոդվածը հրապարակվում է առանց փոփոխման և կրճատումների:

Ադրբեջանը բանակցային գործընթացում տարիներ շարունակ զբաղեցրել է մաքսիմալիստական դիրքեր: Արդյոք կիսո՞ւմ էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվի նման մոտեցումը: Իհարկե, ո՛չ:

Ի՞նչ է եղել բանակցային գործընթացում 2008-2018 թթ.

Աշխատանքային բոլոր փաստաթղթերը, որոնք առաջարկվել են համանախագահների կողմից և դարձել կողմերի բանակցությունների առարկա, նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցվածության փուլային իրականացմամբ, այդ թվում՝ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը քվեարկության միջոցով, որը արտահայտում է ԼՂ բնակչության ազատ կամքի դրսևորում և որն ունի միջազգային-իրավական պարտադիր բնույթ: Ընդ որում՝ գրանցվել է, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվի՝ ենթադրելով ցանկացած կարգավիճակի ընտրության հնարավորություն: Հայկական կողմն այս ամբողջ ժամանակահատվածում չի քննարկել հակամարտության կարգավորման որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չի նախատեսել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացում: Եվ պատահական չէ, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Այդ ժամանակահատվածում տեղի են ունեցել ԼՂ կարգավորման վերաբերյալ կոնցեպտուալ փոփոխություններ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, որոնք ընդունվել են Լ'Աքվիլում (2009), Մուսկոկում (2010), Դովիլում (2011), Լոս Կաբոսում (2012) և Էնիսկիլենում (2013), որպես ԼՂ կարգավորման կարևոր հիմք, հստակ ամրագրել են ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը երկար տարիներ շարունակ եղել է Երևանի դիրքորոշման հիմնաքարը: Այդ հայտարարություններում ընդգծվում է այն, ինչը դրվել է համանախագահների կողմից առաջարկված բոլոր աշխատանքային փաստաթղթերում՝ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամքի դրսևորման ճանապարհով:
Դիրքորոշումը, որով Հայաստանը հանդես է եկել տարիներ շարունակ, վայելել է միջազգային հանրության աջակցությունը:

Եթե Ադրբեջանը տարիներ շարունակ պնդել է, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ և Ֆրանսիա) շուրթերով հայտարարել է, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի մեկ ամբողջականություն ներկայացնող 3 սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, և որ այս սկզբունքներից որևէ մեկին առաջնային նշանակություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը:

Բանակցությունների ընթացքում ավելի քան երեք տասնյակ էական փոփոխություններ են մտցվել ԼՂ հակամարտության կարգավորման Հիմնական սկզբունքներում, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվել են 2007թ. նոյեմբերին Մադրիդում:

Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ համապարփակ և երկարատև կարգավորումն անհնար է առանց ԼՂ մասնակցության: Եվ դա արտացոլվել է բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում:

Ադրբեջանը հակամարտության կարգավորման մոտեցումներում գործնականում իրեն հակադրել է ոչ միայն Հայաստանին, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին՝ հրաժարվելով համանախագահների առաջարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերից:

I. 2008թ. ապրիլից մինչև 2008թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից Մայնդորֆյան հռչակագրի ընդունումը Բաքուն փաստացի հրաժարվում էր բանակցություններ վարել Մադրիդյան փաստաթղթի՝ «ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներ»-ի հիման վրա:

II. 2008թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հունիսի 24-ը (Կազանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողով) կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցություններ են վարել «Հիմնական սկզբունքների» համաձայնեցման շուրջ: Կայացել է նախագահների 12 երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) հանդիպում, արտաքին գործերի նախարարների երեք տասնյակ հանդիպում:

Ադրբեջանը յուրաքանչյուր անգամ հետքալ էր անում ձեռք բերված պայմանավորվածություններից: Գագաթնակետը դարձավ Կազանի գագաթնաժողովը, երբ, միջնորդների սպասումներին հակառակ, Ադրբեջանը փաստորեն հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջ քաշելով 12 փոփոխություն:

III. 2011թ. հուլիսից (Ս. Լավրովի այցը Երևան և Բաքու) մինչև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը 2012թ. հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանը և համանախագահները փորձում էին համոզել կողմերին շարունակել բանակցային գործընթացը, վերադարձնել այն կառուցողական ուղի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրույթների հիման վրա, որոնք առկա են ԼՂ վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում: Սակայն Ադրբեջանը դրանից էլ հրաժարվեց:

IV. 2012-2013թթ. չնայած համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների՝ «Հիմնական սկզբունքների» համաձայնեցումը շարունակելու, արագացնելու և ավարտելու վերաբերյալ բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը մերժել է համանախագահների առաջարկած բոլոր տարբերակները՝ հայտարարելով դրանց համաձայնեցման անպիտանության մասին, և առաջարկելով անցնել անմիջապես խաղաղ համաձայնագրի մշակմանը: Համանախագահները և հայկական կողմը կասկած են հայտնել համաձայնագրի մշակման հնարավորության հարցում, երբ չի հաջողվում համաձայնեցնել նույնիսկ կարգավորման հիմնական սկզբունքները:

 

Աշխատանքային փաստաթղթերը, որոնք համանախագահները պատրաստել են 2007թ. նոյեմբերից մինչև 2011թ. հունիսը (որպես առաջին քայլ հակամարտության կարգավորման Հիմնական սկզբունքների տեսքով այն նպատակով, որ դրանց համաձայնեցումից հետո դրա հիման վրա կմշակվի խաղաղ համաձայնագիր, որը կունենար իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ) ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին են փոխանցվել Վիեննայում պահման համար:

V. 2014թ. մինչև 2016թ. մարտ Ռուսաստանը և համանախագահները փորձել են վերսկսել «բարձրաձայն մտածելու մակարդակով» հանգուցալուծումների որոնման շուրջ ջանքերը: Կազանի գագաթնաժողովում քննարկված «Հիմնական սկզբունքների» նախագծից հետո բանակցային սեղանին չկար աշխատանքային փաստաթուղթ, որը կդառնար կողմերի միջև բանակցությունների առարկա: ԵԱՀԿ-ում պահման տված վերջին փաստաթուղթը եղել է Կազանի փաստաթուղթը: Պատահական չէ, որ Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, որ «ԵԱՀԿ-ում պահվող փաստաթղթից բացի որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի»:

«Ոչ մի «Լավրովի փաստաթուղթ» կամ ինչ-որ մեկ ուրիշի փաստաթուղթ չկա…Որոնում է ընթանում, գաղափարների մակարդակով «ուղեղային գրոհ»» (Ս. Լավրովի հայտարարությունը 2016թ. հունվարի 27-ին): Սակայն Ադրբեջանը չընդունեց նաև հանգուցալուծումներ գտնելու այս գաղափարները: (Ամենայն հավանականությամբ, նոր աշխատանքային փաստաթուղթ կարելի է համարել Ս. Լավրովի կողմից հիշատակված (2020թ. ապրիլի 21-ի հայտարարությունը) փաստաթուղթը, որը 2019թ. ապրիլին փոխանցվել է կողմերին և որը, նրա խոսքով, այդ ժամանակից ի վեր դարձել է բանակցությունների առարկա: Չի բացառվում, որ դրանից հետո առաջարկվել են նաև այլ փոփոխություններ):

VI. 2016թ. ապրիլից մինչև 2018թ. ապրիլ: Ձախողվելով ԼՂ կարգավորման վերաբերյալ դիվանագիտական բանակցություններում՝ Ադրբեջանը 2016 ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիվ գործողություններ ձեռնարկեց ԼՂ դեմ՝ փորձելով ուժային մեթոդներով պարտադրել իր մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակում: Մարտական գործողությունները սկսելուց երեք ու կես օր անց՝ ապրիլի 5-ին, Մոսկվայում ձեռք բերվեց կրակի դադարեցման ռեժիմի վերականգնման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն՝ 1994-1995թթ. հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի հիման վրա, որից հետո համանախագահները մի քանի հայտարարություն արեցին այդ համաձայնագրերին անվիճելիորեն հետևելու անհրաժեշտության մասին:

Բաքվին չհաջողվեց հասնել իր առջև դրված ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական նպատակներին: Վիեննայում (2016թ. մայիսի 16-ին), Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20-ին) գագաթնաժողովների արդյունքները, ինչպես նաև դրանց հաջորդող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների Համատեղ Հայտարարությունները 2016թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում և 2017թ. դեկտեմբերին Վիեննայում, դրա հաստատումն են»:

 

VII. 1.Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ողջունել է 2008-2017թթ. եռանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների՝ Հելսինկիում (2008), Աթենքում (2009), Ալմաթիում (2010), Վիլնյուսում (2011), Դուբլինում (2012), Կիևում (2013), Բազելում (2014), Բելգրադում (2015), Համբուրգում (2016), Վիեննայում (2017) արված հայտարարությունները: Հայաստանը նաև ողջունել է 2010թ. Աստանայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Հայտարարությունը: Բաքուն հրաժարվել է աջակցել այդ հայտարարություններին կամ հետագայում հետքայլ է արել։

2. Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հինգ Հայտարարությունները, որոնք արվել են Լ'Աքվիլում (2009 թ. մայիսի 10), Մուսկոկում (2010թ. հունիսի 26), Դովիլում (2011թ. մայիսի 26), Լոս Կաբոսում (2012թ. հունիսի 19) և Էնիսկիլենում (2013թ. հունիսի 18): Ադրբեջանը կարգավորման մոտեցումներում գործնականում իրեն հակադրեց ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը։

3․ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներից, որոնք վերաբերում էին

- սահմանից և շփման գծից դիպուկահարների դուրսբերմանը

- միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը

- ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնմանը

- հակամարտության բացառապես Խաղաղ կարգավորման հանձնառությունների հաստատմանը

- հրադադարի և դրա ամրապնդման մասին 1994-1995 թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը 

- համանախագահների կողմից առաջարկված կարգավորման երեք սկզբունքներին՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին հավատարիմ մնալու հաստատմանը:


Առաջին անգամ կարգավորման երեք սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքը, հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ, ներառվել են 2009 թ. դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, Հայտարարություններում (այսինքն՝ երեք սկզբունքների տակ իր ստորագրությունը դրել Է նաև Ադրբեջանը), սակայն հետագայում Բաքուն հրաժարվել է դրանից։

Համանախագահող երկրները հետագա բոլոր տարիների ընթացքում իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են հակամարտության կարգավորման կարևորությունը հենց այդ երեք սկզբունքների հիման վրա։

Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարել է, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի նրանից Լեռնային Ղարաբաղի անկախության համաձայնություն ստանան: Չկարողանալով բանակցային գործընթացի շրջանակում պարտադրել իր մաքսիմալիստական մոտեցումները՝ Ադրբեջանը սկսեց կտրուկ քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ջանքեր գործադրել բանակցությունների ձևաչափը փոխելու համար։

Միջազգային հանրությունը և Հայաստանը սկսեցին խոսել գրեթե նույն լեզվով. խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը, հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կայացման միջազգային ճանաչման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի։

Հենց սա՝ վերասվածը, 2018 թվականի ապրիլից հետո «ժառանգություն» էր թողնվել բանակցությունները շարունակելու համար։ Այսօր Թուրքիայի անթաքույց աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմը, որը սերտորեն կապված է տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ, հարված է խաղաղ կարգավորմանը, լուրջ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար, ինչպես նաև ապտակ է համանախագահ երկրների ջանքերին:

Որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ հենց Ադրբեջանն է Արցախի դեմ նոր պատերազմ սկսել։ Համանախագահ երկրները չպետք է թույլ տան Բաքվին ուժային մեթոդներով պարտադրել կարգավորման գործընթացում իր մոտեցումները, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման մասին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտնի հայտարարություններին (2009, 2010, 2011, 2012, 2013, 2020 թվականներին)։

Միջազգային հանրության առաջնային խնդիրն է աջակցել Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հրադադարի ռեժիմի վերականգնմանն ու ամրապնդմանը, բանակցային գործընթացի վերսկսման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հաստատված և արդյունավետ փոխգործակցության շնորհիվ 2008-2018 թթ. մշակվել է պատկառելի հիմք, որում ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համալիր մոտեցումը:

Կարևոր է շարունակել ջանքերն այն ամենի պահպանման, ամրապնդման և հետագա կատարելագործման ուղղությամբ, ինչն այս տարիների ընթացքում մշակվել է բանակցային գործընթացում, որպեսզի խաղաղ կարգավորումն իրականություն դառնա:

  • Կիսվել: