չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պարզ համամասնական ընտրակարգի վերաբերյալ քաղաքական ուժերի շրջանում միշտ եղել է լայն համախոհություն. փոխնախարար

Պարզ համամասնական ընտրակարգի վերաբերյալ քաղաքական ուժերի շրջանում միշտ եղել է լայն համախոհություն. փոխնախարար

Համամասնական ընտրակարգի առավելությունները շատ են՝ հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ:

«Այդ ընտրակարգով խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի համամասնությունն առավել ճիշտ է արտացոլում հասարակության մեջ եղած քաղաքական հայացքները: Այս ընտրակարգը թույլ է տալիս խթանել և կոնսոլիդացնել ժողովրդավարական զարգացման համար կենսական նշանակություն ունեցող քաղաքական ինստիտուտները՝ կուսակցություններն ու կուսակցական համակարգը՝ ճանապարհ հարթելով գաղափարական հենքի վրա կուսակցությունների առաջացմանն ու զարգացմանը»,- ասաց Գրիգորյանը:

Փոխնախարարը հիշեցրեց՝ սահմանադրական կարգավորումներով ներդրված է համամասնական ընտրակարգ, բայց միաժամանակ նախատեսված է նաև տարածքային ընտրական ցուցակներով ընտրություններին մասնակցելու մեխանիզմ: Ըստ Գրիգորյանի՝ Վենետիկի հանձնաժողովը դեռևս 2016 թ. կարծիք է հայտնել, որ համամասնական ընտրակարգերը նախատեսված են ներկայացուցչական խորհրդարան ձևավորելու համար, և այդ նպատակի ցանկացած փոփոխություն պետք է արտացոլի ժողովրդի կամքը:

«Քանի որ տարածքային ընտրական ցուցակների մեխանիզմի առկայությունը համամասնական ընտրակարգում, ըստ էության, ունի մեծամասնական ընտրակարգի տարրեր, և մեծամասնական ընտրակարգը տարիներ ի վեր հետևողականորեն քննադատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից, նաև արձանագրվել է, որ մեծամասնական ընտրակարգով անկախ թեկնածուները կարող են կապեր հաստատել կամ ազդել գործարարների կամ իրենց առանձին շահերը հետապնդող այլ շրջանակների հետ»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ռեյտինգային ընտրակարգը տարբեր ձևաչափերով մշտապես քննադատվել է հասարակության և մասնագիտական շրջանակների կողմից: Ըստ Ք.Գրիգորյանի, պարզ համամասնական ընտրակարգի վերաբերյալ թե՛ նախկինում, թե՛ ներկայում քաղաքական ուժերի շրջանում եղել է լայն համախոհություն: Փոխնախարարը նաև ընդգծեց, որ հաշվի առնելով ընտրությունների անցկացման խիստ անհրաժեշտությունը՝ բացառապես համապետական ցուցակներով համամասնական ընտրությունների կազմակերպումը առավել կհեշտացնի ընտրական վարչարարությունը:

  • Կիսվել: