ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ ստորակետ. Միքայել Մելքումյան

Պարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ ստորակետ. Միքայել Մելքումյան

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ Արցախի պատերազմից հետո պետք է առաջ նայել ու պատրաստվել հաղթանակների: Մելքումյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

«Ես ուզում եմ հավատալ և բոլորս պետք է հավատանք, որ այս ցավալի պարտությունից հետո, այս հակամարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ դրված է ընդամենը ստորակետ: Եվ մենք բոլորս պետք է ապրենք նոր օրակարգով, որպեսզի մեր ողնաշարն ուղղենք և պատրաստվենք մենք հաջորդ հաղթանակին՝ թեկուզ փոքր-փոքր քայլերով, հաղթանակներով, որը կարող է մեր ազգային արժանապատվությունը վերականգնել»,-ասաց Մելքումյանը:

Պատգամավորը շեշտեց, որ ամեն ինչ պետք է ներդնել ռազմագերիների վերադարձի համար: Մելքումյանը նշեց, որ մի քանի օրից Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում շատ կոշտ են արտահայտվելու այդ հարցով: Նա նկատեց, որ Եվրոպական խորհրդի մի անդամ պետություն մյուս անդամ պետության քաղաքացիներին գերեվարում է: «Սա աբսուրդ է, մենք այդ կառույցներից պետք է շատ հստակ պահանջենք, թե ինչ պետք է լինի»,-նշեց պատգամավորը:

  • Կիսվել: