շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարոն վարչապետ, եթե Դուք գոհ չեք ձեր աշխատանքից, մենք ո՞նց գոհ լինենք այդ աշխատանքից. Սամսոնյան

Պարոն վարչապետ, եթե Դուք գոհ չեք ձեր աշխատանքից, մենք ո՞նց գոհ լինենք այդ աշխատանքից. Սամսոնյան

«Երբ լսում էի Ձեզ, հարգելի կառավարություն և հարգելի պատգամավորներ, տեսնում էի, որ ձեզ համեմատում եք նախկինների հետ: Անցել է մեկ տարի, և ես ուզում եմ Ձեզ համեմատել հենց Ձեզ հետ, այլ ոչ թե նախկինների հետ»,- այս մասին այսօր Աժ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նրա խոաքով,  2019 թ-ի ծրագրի վերաբերյալ ասել են՝ այն չափելի չէ, սակայն փորձել է հանել մի քանի նախադասություն ու հասկանալ՝ արդյոք դրանց էությունը 2020-ին տեսնում են, թե ոչ:

«Ներքին անվտանգության մասով գրված է՝ հանրային համերաշխության մակարդակի բարձրացման նպատակով կառավարությունը մտադիր է հանրային կյանքի բոլոր ոլորտներում բռնության դեպքերի  նվազեցման եւ բացառման ուղղությամբ: Մի կողմ եմ թողնում, որ Դուք չեք նպաստել հանրային համերաշխությանը»,- ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ հանցագործությունների թվի աճին։ « Դատախազության զեկույցի համաձայն, միայն հասարակական անվտանգության կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվն աճել է 13 տոկոսով, Երևանում՝ 16 տոկոսով: Մտահոգիչ է, որ այս աճը ապահովվել է զենքի գործադրմամբ: Մենք տեսնում էինք, թե ինչ էր կատարվում երկրի երրորդ քաղաքում, որտեղ քրեական ենթամշակույթն անարգել կրակում էր իրար վրա: Մենք տեսնում էինք, որ ոստիկանապետը կարող է գտնվել մի շենքում, և ինչ-որ մարդիկ որոշեին, որ ինչ-որ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Սան նշանակում է, որ 2019-ին չի արվել նվազագույնը, որ մարդիկ գոնե ոստիկանության գոյությունից զգաստանան»,- նշեց Անի Սամսոնյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե իրավապահ համակարգում կան դավաճաններ, պատգամավորն ասաց. «Դուք ունեինք հնարավորություններ այդ հարցը լուծելու: Դուք պետք է շոկային, կտրուկ փոփոխությունների ենթարկեիք համակարգը, հեռացնեիք դավաճաններին: Դուք դա չեք արել: Երկրորդ տարբերակն այն էր, որ դուք այդ դավաճաններին կարող էիք դարձնել նվիրյալներ, բայց հիմա դուք աչքի տեղը ունքն եք հանում, որովհետև ես չեմ պատկերացնում, որ դուք տարբեր հարթակներից փորձում եք փնտրել դավաճաններ ու նվիրյալներ, այդ համակարգում մարդիկ պետք է աշխատեն ու երկրի թալանածը հետ բերեն: Մի համակարգում, որտեղ դուք անհամերաշխություն եք սերմանում, ես չեմ պատկերացնում՝  ոնց եք այդ համակարգից պահանջում կարգուկանոն, այն էլ խայտառակ վարձատրությամբ:

Եկեք հասկանանք, եթե երկրի առաջնահերթ խնդիր է թալանածը հետ բերելը, այդ դեպքում ո՞րն է մեզ համար կարևոր ինստիտուտը՝ իրավապահ համակարգը, թե՞ մարզպետարանները: Ինչու են մարզպետները ստանում պարգևավճարներ՝ կոկորդիլոս բուծելո՞ւ համար, համայնքի ղեկավարների վրա հոխորտալո՞ւ, թե ներդրումային սպամներ անելու համար: Այդ փողը տվեք ոստիկանությանը, ԱԱԾ-ին, թող աշխատեն ու թալանածը հետ բերեն»,- հայտարարեց Անի Սամսոնյանը:

Դիմելով վարչապետին՝ նա նաև նշեց, որ իր համար  հասկանալի է՝ երբ պարգևավճար են տալիս գիշեր-ցերեկ ճանապարհ սարքող նախարարին, բայց երբ ասում են, որ խոստացել են բարձրացնել պետական համակարգի աշխատողների աշխատավարձը, արդյոք դա առաջին հերթին վերաբերվում էր նրա հեղափոխական թիմին. «Եթե նրանց թվում էր, որ իշխանությունը քաղցր բան է, բայց հիմա դառը հաբերը կուլ տալու համար Դուք իրենց պետք է  ավելի շատ փող տաք, կներեք, դա կարծում եմ՝ ազնիվ չի, պարոն վարչապետ»:

Նա անդրադարձավ նաև հանրային կառավարմանը՝ նշելով, որ ունեն պարգևավճարներով ծանրաբեռնված, դանդաղ անկանոն, սաբոտաժ ունեցող  հանրային կառավարման համակարգ:

«Լավ է, որ խոստովանում եք, որ ձախողել եք դատական համակարգի բարեփոխումները, բայց արդյոք հասկանում եք, թե ինչու եք ձախողել: Ձախողել եք Ձեր էմոցիոնալ, չհավասարակշռված քաղաքականության պատճառով: 2018-ին բոլոր փորձարկումներն արեցիք, ելքերն ու մուտքերը փակեցիք դատարանների, դատական համակարգի վրա հայհոյանք բերեցիք, հետո խոստացաք վեթինգ անել, բայց վեթինգ էլ չարեցիք: Մի քանի տարի կգաք, կասեք, որ մի քանի լավ դատավորի համար վեթինգ չարեցինք, բայց ես կարծում եմ, որ եթե վեթինգ անեիք, այդ մի քանի դատավորները դա հաղթահարելու էին: Այլ հարց է, որ մի հրաշքով այդ մի քանի դատավորների թիվն ավելացավ, և դատական համակարգը պարզվեց, որ շատ լավն է»,- ասաց Անի Սամսոնյանը։

Նա նաև նշեց, որ սոցիալական ապահովության ոլորտում վարչարարությունը խայտառակ վիճակում է, Կրթության ոլորտում կառավարման համակարգը չի փոխվել, փոխարենը այդ համակարգը լցրել են կուսակցականներով:

Անի Սամսոնյանը չանտեսեց ՏԻՄ ոլորտը՝ դինելով Սուրեն Պապիկյանին։ «ՀՀԿ-ական նախկին այն ղեկավարները, որոնք այսօր հլու հնազանդ ծառայում են «Իմ քայլի» իշխանությանը նրանց հետ սեր ու համերաշխություն է: Նրանք, ովքեր փորձում են մի փոքր ընդվզել, միանգամից մարզպետներն ընկնում են հետևներից: Ես ձեր տարածքային կառավարման քաղաքականությունը հաջողված կհամարեմ այն դեպքում, եթե դուք քաղաքական կամք կդրսեւորեք եւ կվերացնեք մարզպետի ինստիտուտը»,-ասաց նա:

Եզրափակելով խոսքն Անի Սամսոնյանն ասաց, որ իշխանությունն մեղավորներ է փնետրում բոլորի մեջ, բայց երբեք իրեն մեղավոր չի համար.

«Հարգելի իշխանություն,  Դուք այսօր Ձեզ տիրոջ պես չեք պահում։Տիրոջ պես պահել չի նշանակում սպառնալ, հայհոյել, ասֆալտին փռել, դա հաղթողի կեցվածք չէ: Մի հեքիաթ կա, երբ թագուհին կանգնում է հայելու առաջ և ասում՝ հայելի ջան, հայելի, ով է ամենագեղեցիկը: Հիմա դուք այս ամբիոնը դարձրել եք այդ հայելին: Այդ հեքիաթը ամենագեցեղիկի մասին չէ, այն անինքնավստահության, մեծամտության և ինքնախաբեության մասին է: Դուք ձեր վարքագիծը պետք է փոխեք, և այդ դեպքում միայն կկարողանաք կատարել այն բարեփոխումները, որոնք ուզում եք անել։ Բայց անհամերաշխության մթնոլորտում դուք դա չեք կարողանալու անել»։

Վերջում Սամսոնյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Եթե Դուք գոհ չեք ձեր աշխատանքից, ոնց եք պատկերացնում, որ մենք գոհ կլինենք այդ աշխատանքից»:

  • Կիսվել: