երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պարոն Քոչարյանին կալանավորել են հայտնի մարդու ցանկություններից ելնելով. Փաստաբանը պնդում է՝ նախկին նախագահին կալանավորելու հիմք չկա

Պարոն Քոչարյանին կալանավորել են հայտնի մարդու ցանկություններից ելնելով. Փաստաբանը պնդում է՝ նախկին նախագահին կալանավորելու հիմք չկա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի խնդրանքը՝ միջնորդությունը քննող դատավորին փոխելու մասին:

«Եթե անձը գտնվում է կալանքի տակ, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցը անհապաղ լուծման հարց է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիեբկյանի նախագահությամբ մարտի 17-ին պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Սակայն նիստից ժամեր առաջ տեղեկացրել էին, որ դատավորը վատառողջ է, և նիստը չի կայանա։ Ավելի ուշ պարզվեց՝ դատավորը վիրահատվել է։ Քոչարյանի պաշտպանական խումբը դիմել էր Ընդհանուր իրավասության դատարանի նախագահին խնդրելով, որ իրենց պաշտպանյալի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը քննի մեկ այլ դատավոր, սակայն դատարանի նախագահը մերժել էր փաստաբանների խնդրանքը:

«Հիմա մենք հայտնվել ենք մի անորոշ վիճակում։ Ունենք խափանման միջոցը փոխելու հետ կապված միջնորդություն և ընդհանրապես չգիտենք, անգամ մոտավորապես մեկ շաբաթի՞ց, մեկ ամսի՞ց, թե՞ մի քանի ամսից այդ միջնորդությունը կքննվի, թե ոչ»,- նշեց Ալումյանը։

Ներկայացնելով անելիքները, փաստաբանը տեղեկացրեց, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացնելու։

«Գիտե՞ք, մեր օրենքը չի սահմանում, որ միջնորդությունը չքննելը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, բայց Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը սահմանում է, եթե որևէ անձ բողոքում է, որ իր կոնվենցիոն իրավունքերից որևէ մեկը խախտել է, ապա ինքը պետք է ունենա պաշտպանության արդյունավետ միջոց։ Օրինակ, եթե առաջին ատյանի դատարանը չի քննում խափանման միջոցի հետ կապված միջնորդությունը, այստեղ մենք սկսում ենք պնդել, որ կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետն է խախտվում, հետևաբար պետությունը պետք է մեզ տրամադրի արդյունավետ պաշտպանության միջոց, որը վերաքննիչ դատարանն է»,- իրավիճակը ներկայացրեց փաստաբանը:

Պաշտպանական խմբի ներկայացուցիչը վերահաստատեց իրենց դիրքորոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման որևէ միջոց կիրառելու հիմք չկա։

«Այս պայմաններում պարոն Քոչարյանին կալանավորել են հայտնի մարդու ցանկություններից ելնելով»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ դատարանը պետք է հասկանա՝ նման մասշտաբային խախտումներով իր լեգիտիմությունը դնում է լուրջ կասկածի տակ։

  • Կիսվել: