շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի

Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի ընտրության օր սահմանելու նիստ, որից հետո՝ նոյեմբերի 29-ին գումարված նիստի համաձայն, Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 16-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով Արմավիի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշման նախագիծը:

«Ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել, և գործող կարգավորումներով՝ դրանից հետո, համապատասխան արձանագրություններից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Կառավարությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն, պիտի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միաժամանակ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնի»,- ասաց նա:

Ըստ Խուդաթյանի՝ Կառավարության որոշման նախագծով ավագանին լուծարվում է, և նոր ընտրություն նշանակելու մասին որոշում է կայացվում: Դրանից հետո ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ 2025 թվականի մարտի 31-ին, Փարաքարում կանցկացնի արտահերթ ընտրություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ արդեն երկրորդ համայնքն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է նախնական քվեարկություն, որի արդյունքները գնահատվել են դրական:

«Այս համատեքստում ժողովրդավարական ևս մեկ, շատ կարևոր ինստիտուտ է կայանում ՀՀ-ում, հետևաբար նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար, այսինքն՝ շատ պարզ, բաց և թափանցիկ»,- ասաց նա:

  • Կիսվել: