Պակիստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ որոշակի դիվանագիտական աշխատանքներ արվում են և կարվեն․ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունն ուզում է և փորձ է անելու աշխարհի բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել։
Ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, որը վերաբերվում էր Պակիստանի հետ հարաբերություններ հաստատելու հնարավորություններին և այդ ուղղությամբ արվող քայլերին։
«Մեր տրամաբանությունն է և մենք սահմանադրական կարգավորում ունենք, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի բոլոր երկրների հետ փորձ է անելու և ուզում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Այդ ուղղությամբ էլ, ենթադրում եմ, որոշակի դիվանագիտական ոչ բարձր մակարդակի աշխատանքներ արվում են և կարվեն։ Նաև հասկանալի են 30 տարվա գործընթացները՝ նրանք մեր անկախությունը չեն ճանաչել, և դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։ Պետք է հասկանալ, թե որո՞նք են դրա պատճառները և այս իրավիճակում ինչպես կարելի է առաջընթաց արձանագրել, որը հեշտ գործ չէ։ Երբ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, նաև այդ իրավիճակը կդառնա մի փաստարկ, որը կօգնի, այդ թվում Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն»,- ասաց նա։