շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանության բարեփոխումների առաջին ալիքը սկսել է․ Պարեկային ծառայություն հիմնելու մասին նախագիծը ԱԺ-ում է

Ոստիկանության բարեփոխումների առաջին ալիքը սկսել է․ Պարեկային ծառայություն հիմնելու մասին նախագիծը ԱԺ-ում է

Կառավարությունը ոստիկանական համակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ է ներկայացրել Ազգային ժողով, որով ոստիկանական համակարգում մեծ բարեփոխումներ է փորձում իրականացնել։

Այսօր «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մասին հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գևորգյանը։

Նա տեղեկացրեց, որ քննարկման ներկայացված օրինագծերի փաթեթը ոստիկանությունում բարեփոխումների ռազմավարությունից բխող առաջին նախաձեռնությունն է և վերաբերում է պարեկային ծառայության ներդրմանը։ Պարեկային ծառայությունը, փոխնախարարի ներկայացմամբ, էականորեն տարբերվելու է ներկայումս գործող Ճանապարհային ոստիկանությունից և պարեկապահակետային ծառայությունից։ Նախագծով սահմանվում են պարեկային ծառայության ստեղծման իրավական հիմքերը, ծառայողին ներկայացվող պահանջները, համալրման համար անցկացվող մրցույթները և կրթությունը ոստիկանության ակադեմիայում։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջարկում են ծառայությունը համալրել բաց մրցույթով, որն անցնելու դեպքում անձինք ոստիկանության ակադեմիայում կանցնեն հատուկ պատրաստություն՝ 5-ամսյա ծրագրի շրջանակներում։

«Այս հնգամսյա ուսուցումը մեր կարծիքով այն գրավականն է լինելու, որն ապահովելու է ծառայության հաջողությունը», -հավելեց պաշտոնյան։

Սկզբնական փուլում՝ 2021-ի առաջին եռամսյակում, պարեկային ծառայությունը գործարկվելու է Երևանում, այնուհետև՝ հանրապետության բոլոր մարզերում։ Պարեկային ծառայությունն ամբողջության Հայաստանում ներդրված կլինի 2022 թվականի առաջին եռամսյակում։ Պարեկային ծառայության աշխատակիցները տեխնիկապես զինված են լինելու նոր սարքավորումներով։ Ծրագիրն իրականացվելու է փուլերով, քանի որ մարդկային ռեսուրսները քիչ են և նրանց վերապատրաստել է պետք։

Կառավարությունը նախագծերի ընդունումը հրատապ է համարում և առաջարկել է խորհրդարանին այն ամբողջությամբ ընդունել այս նիստում։

«Կառավարությունը այս նախագիծը համարում է ոստիկանության համակարգում բարեփոխումների առաջին ալիք և արտաքին ծառայություններից սկսելը պատահական չէր, քանի որ սա այն ծառայությունն է, որին քաղաքացիները համազգեստով տեսնում ու շփվոմ են ամենաշատը։ Այս ծառայությունից սկսելով մենք գնում ենք ոստիկանության նկատմամբ գրավչության բարձրացման մեր կարևոր նպատակին», -հայտարարեց արդարադատության փոխնախարարը։

«Սա շատ կարևոր նախագիծ է, և կառավարության կողմից հրատապության ռեժիմով այն ներկայացնելը խոսում է այս գործընթացի՝ օր առաջ սկսելու մասին», -իր հերթին հայտարարեց նիստը վարող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

  • Կիսվել: