Որքա՞ն կկորցնի Հայաստան՝ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. РИА Новости
РИА Новости-ն գրում է, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը ռիսկի է ենթարկում իր ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսը։
Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները, ռուսական լրատվամիջոցները նշում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Երևանը կարող է զրկվել առևտրային արտոնություններից, որոնք ստանում էր միությունում գտնվելու շնորհիվ, այն է՝ միավորման երկրների համար գործող 5 տոկոսանոց միասնական ցածր սակագնային դրույքաչափից և նույնիսկ մի շարք դեպքերում ապրանքների անմաքս ներմուծման իրավունքից։
Այսպես, 2025 թվականին Հայաստանը միության երկրներ ապրանքների արտահանումից ստացել է 3,2 միլիարդ դոլար։ Առևտրային եկամտի մեծ մասը ստացվել է դեպի ռուսական շուկա մատակարարումների հաշվին՝ 2,9 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ, հայաստանյան ներմուծողները ԵԱՏՄ երկրներից գնել են 5 միլիարդ դոլարի ապրանք։ Նրանք արտադրանքը հիմնականում ներմուծել են Ռուսաստանից. այս ցուցանիշը կազմել է 4,87 միլիարդ դոլար։
Այսպիսով, 2025 թվականին ԵԱՏՄ-ի հետ Երևանի ապրանքաշրջանառությունը հասել է 8,2 միլիարդ դոլարի, իսկ մնացած աշխարհի հետ՝ 13,2 միլիարդ դոլարի։ Սա վկայում է այն մասին, որ միության հետ առևտրին բաժին է ընկնում ողջ հայաստանյան ապրանքաշրջանառության 38,5 տոկոսը։


