Որոշել են Ադրբեջանից էժան ցեմենտ բերել. Ծառուկյան (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, իրեն հասցեագրված մեղադրանքներին և «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակին։
Մասնավորապես՝ Փաշինյանի՝ «պլինտուսից ցածր մակարդակի» մասին հայտարարությանն ի պատասխան Ծառուկյանը հիշեցրել է իր կատարած աշխատանքները:
«Ես իմ երկրի պատիվը բարձր եմ պահել, հաղթանակներ եմ պարգևել… Զարգացրել եմ, կառուցել եմ աշխատատեղեր, դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, կառուցում եմ Քրիստոսի արձանը… Իսկ էդ մարդը՝ ասողը, լիարժեք պետք է ընենց (գետինը-խմբ.) մտնի, որ չերևա, որովհետև դա խայտառակություն ա՝ էդքան զոհեր տալ, հողը հանձնել, ժողովրդին անտուն թողնել…»,-ասել է նա:
Լրտեսության մեղադրանքների վերաբերյալ ԲՀԿ առաջնորդը նշել է, որ նման բան ասողն իրավունք չունի ապրելու. «Ես ասել եմ՝ թող ինձ հրապարակում գնդակահարեն… Շպիոնը՝ դա էդ մարդը աշխարհում, իր հայրենիքի շպիոնը նա իրավունք չունի ապրելու։ Ես պահանջել եմ՝ ապացուցեք, որ շպիոն է, ես իմ ձեռով հրապարակում գնդակահարեմ»։
Ծառուկյանն անդրադարձել է նաև «Արարատցեմենտ» գործարանը խլելու հնարավորության մասին լրագրողների հարցին և նշել, որ 25 տարի առաջ գործարանն օրինական գնել է, և այժմ այն հսկայական հարկեր է վճարում (ամսական 400-500 մլն դրամ)։
ԲՀԿ առաջնորդը նաև ահազանգել է իշխանությունների՝ Ադրբեջանից ցեմենտ բերելու մտադրության մասին. «Որոշել են, որ Ադրբեջանից էժան ցեմենտ բերեն… Եթե ուզում են խլեն, ոչ մի խնդիր, թող Ազգային ժողովով օրենք հանեն, իրենց փայաբաժինն ունենան կամ վճարեն, վերցնեն»։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտը», որը պատկանում է Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին։ Ավելի ուշ Դատախազությունը հաղորդում էր ներկայացրել «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման վերաբերյալ։


