Որոշ երկրներ հանդես են գալիս ադրբեջանահայկական խնդրին վերաբերող կողմնակալ հայտարարություններով. Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի հրամանատարների հետ միասին այցելել է թուրք-սիրիական սահմանին գտնվող սահմանամերձ Հաթայ նահանգի հրամատարական կետերից մեկը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ Թուրքիայի բանակի հրամկազմի ներկայացուցիչները տեղում ստուգումներ են անցկացրել և ծանոթացել տիրող իրավիճակին:
Այցի ընթացքում Աքարը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Որոշ երկրներ հանդես են գալիս ադրբեջանահայկական խնդրին վերաբերող կողմնակալ հայտարարություններով: Մենք, սակայն, ղարաբաղյան հակամարտության առաքելությունը ստանձնած պետությունների և միջազգային կազմակերպությունների ձայնը չէինք լսում այն 30 տարիների ընթացքում, երբ շարունակվում էր ղարաբաղյան հակամարտությունը՛՛:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ ՛՛Մագիլ-սուր՛՛ անվամբ ռազմական գործողություններ են սկսելու քուրդ զինյալների դեմ Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում: Իսկ Թուրքիայի նախագահը զգուշացրել էր, որ գործողությունները կարող են չսահմանափակվել միայն օդային հարվածներով։