Որևէ տեսակետ չունենք ո՛չ Ռուբեն Վարդանյանի նշանակման, ո՛չ էլ ազատման վերաբերյալ, ՀՀ-ն հետաքրքրություն չունի այդ հարցում․ Ալեն Սիմոնյան
Ես ուրախ եմ, որ մենք կամաց-կամաց գալիս ենք այն իրավիճակին, որ Արցախի օրինական ներկայացուցիչները իրենք են բանակցում և իրենք են որոշումներ կայացնում և մենք կարողանում ենք տարանջատել Արցախի և Հայաստանի ղեկավարություններին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կա՞ որոշում, որ Ադրբեջանը ստուգումներ անի Կաշենի հանքավայրում։
«Արցախի ղեկավարություններն են բանակցում, Արցախի ղեկավարություններն են որոշում կայացնում, հարցը ինձ չի վերաբերում»,- ասաց Սիմոնյանը։
Դիտարկմանը՝ ի՞նչ կարծիք ունի Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու մասին, Սիմոնյանն ասաց․
«Երևանը ինչպես նշանակման ժամանակ որևէ տեսակետ չուներ, այնպես էլ ազատման դեպքում։ Ես չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է կայացվել Վարդանյանին նշանակելու որոշումը և նույնպես չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է նա ազատվել։ ՀՀ իշխանությունները այդ հարցերում որևէ մասնակցություն չեն ունեցել և հետևաբար որևէ հետաքրքրություն չունեն այդ հարցի շուրջ»։



